«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով արգելել շահումով, այդ թվում՝ ինտերնետային, խաղերը Հայաստանի Հանրապետությունում: Վերջինս տագնապով հայտնել է, որ դրա գայթակղությանը չեն դիմանում անգամ որոշ զինվորականներ:
«2018թ․ սեպտեմբեր ամսին մի հրապարակմամբ առաջարկել էի մեր երկրում արգելել կամ հնարավորինս սահմանափակել շահումով խաղերը։
Հիմա նույնպես պնդում եմ, որ շահումով խաղերը, որոնք ուղղակի կործանում են բազմաթիվ ընտանիքներ, պետք է արգելվեն կամ առնվազն դառնան անհասանելի հասարակության գերակշիռ մեծամասնության համար:
Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան իրավական գործընթաց՝ Երևան քաղաքից և հանրապետության բոլոր խոշոր համայնքներից, այսպես կոչված, բուքմեյքերական գրասենյակները դուրս վռնդելու համար, եթե հնարավոր չլինի ամբողջությամբ արգելել այդ կառույցների գործունեությունը:
Ավելին՝ պետք է արգելվի նաև ինտերնետով շահումով խաղերի գործունեությունը, իսկ այդ խաղերը ապօրինի կազմակերպողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ես տագնապ եմ բարձրացնում, որ այս խաղերն ուղղակի չարիք են շատերի համար:
Ինքս մի քանի ընտանիքներ գիտեմ, ովքեր ուղղակիորեն դարձել են այդ խաղերի զոհը:
Խորապես համոզված եմ, որ որևէ արդարացում չի կարող ունենալ նշված կազմակերպությունների գործունեության համար:
Ավելի՛ն՝ ես տագնապ եմ բարձրացնում, որ այս չարիքի գայթակղությանը չեն դիմանում որոշ զինվորականներ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ»,- գրել է քաղաքական գործիչը: