Օմսկի №1 շտապ օգնության հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Ռուստամ Ագիշևը մահացել է 63 տարեկան հասակում, մահվան պաշտոնական պատճառը կաթվածն է, հաղորդում է Taiga.info պարբերականը:
Ալեքսեյ Նավալնին անգիտակից վիճակում հենց այս հիվանդանոց էր տեղափոխվել անցած տարվա օգոստոսին: Ընդդիմադիր գործչի համախոհները մինչ այժմ պնդում են, որ կլինիկայի ղեկավարությունն ու անձնակազմը գիտեին Նավալնիի հետ կատարվածի իրական պատճառները, բայց ԱԴԾ-ի հրամանով կեղծ ախտորոշում արեցին և փորձեցին թաքցնել ռազմական քիմիական նյութով թունավորման հետքերը:
Վերջին ժամանակներս սա առաջին մահը չէ Օմսկի №1 հիվանդանոցի ղեկավար կազմում: Փետրվարի սկզբին, 55 տարեկան հասակում, մահացավ կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ Սերգեյ Մաքսիմիշինը, որի մահվան պաշտոնական պատճառը սրտի կաթվածն էր:
Ավելի վաղ գլխավոր բժշկի մեկ այլ տեղակալ՝ Անատոլի Կալինիչենկոն, հեռացավ հիվանդանոցից: Բժիշկը նշել էր, որ աշխատանքի նոր վայր՝ մասնավոր կլինիկա տեղափոխվելը պայմանավորված է նրանով, որ նա «ավելի շատ վիրաբուժություն է սիրում, քան վարչական աշխատանք»:
1in.am