Քաղաքականություն

Գյուլը Երևանում` 2008. Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկից հանվեց Արարատը aniarc.am

2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին ՙԶվարթնոց՚ օդանավակայան` Արարատ սարի ստվերի ներքո, վայրէջք կատարեց ՙԷյրբաս-319՚ օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը: Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Գյուլը:

Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և ՙճա-նա-չում՚ վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն այդ օրերին կառավարության մաս կազմող Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:

ՙԵս Կարսից եմ՚, ՙԵս Արդահանից եմ՚, ՙԵս Վանից եմ՚, ՙԵս Իգդիրից եմ՚. այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, ՙկենդանի շղթա՚ էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ:

Բաղրամյան պողոտայում կագնած Անահիտ Բերբերյանը, ում նախնիները տունն ու կահկարասին կորցրել են Վանում, մի ցուցապաստառ էր պարզել, որի վրա գրված էր. ՙԻմ հայրենի տունը Վանա լճի մոտ է՚: ՙԵս Վանը տեսել եմ միայն լուսանկարներով: Մտածում եմ, որ եթե գնամ Վան,  հայրենազրկության ցավը շատ ավելի սուր կզգամ՚,- ասում էր նա և ցուցապաստառը ձեռքին սպասում Գյուլին, որի զրահապատ մեքենան պիտի անցներ Բաղրամյան պողոտայով:

Արմինե Խաչատուրյանը արմատներով Կարսից է: ՙԵս մեծացել եմ հայրենազուրկի ընտանիքում, իմ տատն ու պապը մեծացել են ամերիկյան մանկատանը: Նրանք ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ծնողներին: Իմ տատը մինչև մահ երազում գաղթ էր տեսնում ու վեր էր թռչում անկողնուց: Նա անգամ երազում փախչում էր թուրքերից՚,- ասաց Գյուլին սպասող միջահասակ կինը:

Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. ՙՄի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել՚:

Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր  նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. ՙԵս ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրերը՚: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ:

Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր. ՙԲարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը՚: Հայկական եթերը հեղեղված էր ՙհայ-թուրքականությամբ՚: Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ:

Արմեն Այվազյանը նկատում է. ՙՔարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, և ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է՚:

Ամբողջությամբ կարդացեք aniarc.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version