Կյանքի 82-րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:
Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և տեղափոխվել էր հիվանդանոց։
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։
Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսին 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրել են բերդաքաղաք Շուշին։