Սոցցանցեր

Սերժ Սարգսյանը վերջերս պնդեց, որ ինքը համաձայնել էր վարչապետ դառնալ, ձեր բառերով ասած, «զիջելու» նպատակով

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «Հայաստանում երկու գաղափարախոսություն ա եղել. (1) պետք է զարգանալ` չզիջելով (ինչ-որ շրջանում մենք ապացուցել ենք, որ հնարավոր է զարգանալ` չզիջելով) և (2) պետք ա տանք, որ լավ ապրենք (Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել)» («Սիվիլնեթ», 01.04.2021):

Մարդ ապշում է, թե այսքանից հետո ինչպես կարող է քաղաքական ուժի ներկայացուցիչը հպարտորեն բարձրաձայնել խայտառակ ֆիասկո ապրած «զարգանալ` չզիջելով» «գաղափարախոսության» մասին: Պատրանքների չպետք է տրվել: Այո, 44-օրյա պատերազմի պատճառը նաև Փաշինյանի կողմից որպես հավատամք ընդունված հենց այդ` «զարգանալ` չզիջելով» «գաղափարախոսությունն» էր: Ուսումնասիրեք թեկուզ 2017 թվականի նախընտրական օրերին Փաշինյանի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների մեկնաբանությունները Արցախի հարցի վերաբերյալ: Առաջ էին քաշվում կատարյալ նույնաբովանդակ թեզերը («ազատագրված տարածքներ», «քանի դեռ Ադրբեջանը չի խոսում փոխզիջումներից, մենք էլ պիտի չխոսենք», «Ադրբեջանը պետք է հստակ ճանաչի Արցախը», «Արցախը Հայաստան է» [Արցախի հարցը Հայ Դատի մի մասն է] և այլն): Ու եթե ինչ-որ շրջանակներ Փաշինյանի հոգեհորն են անպայման ուզում գտած լինեն, ապա գենետիկորեն այդ դերին առաջին հերթին հավակնում է հենց ՀՅԴ-ն:

Իսկ Սաղաթելյանի այն պնդումը, թե «ինչ-որ շրջանում մենք ապացուցել ենք, որ հնարավոր է զարգանալ` չզիջելով», ժողովրդին ձեռ առնելուց բացի, այլ կերպ հնարավոր չի ընկալել: Երևի այնքան էինք զարգացել, որ այլևս տեղ չէր էլ մնացել զարգանալու: Ու, ընդհանրապես, ինչպե՞ս էիք զարգանում` չզիջելով, երբ ձեր կոալիցիոն գործընկերը, ձեր կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը վերջերս պնդեց, որ ինքը համաձայնել էր վարչապետ դառնալ, ձեր բառերով ասած, «զիջելու» նպատակով:

Ինչ վերաբերում է 2-րդ «գաղափարախոսությանը», այն է` «պետք ա տանք, որ լավ ապրենք», ապա սա արդեն երկու տասնամյակից ավել Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջանառվող ամենամեծ սուտն է: Ի՞նչ բարոյական նկարագրի տեր պիտի լինեն որոշ մարդիկ, որ 44-օրյա աղետից հետո էլ շարունակեն, իրենց սիրելի դասականի բնորոշմամբ, «պադոշի դեմքով» այդ սուտը շրջանառել: Նույնը վերաբերում է նաև «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել» կոնտեքստից կտրված ու մանիպուլյացիոն քողի տակ ներկայացվող վերագրմանը, ինչի վերաբերյալ, մեկ այլ առիթով, հրապարակմամբ էր հանդես եկել լրագրող Թաթուլ Հակոբյանը (http://www.aniarc.am/…/kocharyan-book-falsified-parts…/):

Ամենաընթերցվածները

Exit mobile version