Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն), կարճվել է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com-ում տեղադրված ձայնագրությունը: Հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունում Արթւոր Վանեցյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին Մարտի 1-ի գործը:
Ավելի վաղը, ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործին, ապա սրանով նախաքննությունը շարունակվում է:
Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող եւ հարցաքննվել: