Քաղաքականություն

ՔՊ-ում կադրային ռեբրենդինգ է սկսվել․ իզոլացնում են Արարատ Միրզոյանին. Վախենում են «խաղեր տա»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտ­նի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի:

Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ- ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Մասնավորապես խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաեւ Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից:

Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռեւս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ եւ անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել եւ ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը:

Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա եւս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version