Աղքատության մեծ տոկոս ունեցող երկրում քրիստոնեավայել չէ հարստության և ուժի ցուցադրումը
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքում գրել է․
Հարսանիքի թեմայով համացանցում աշխուժացավ լուսահոգի Կոմանդոսին վերագրվող խոսքի տարածումը՝ Աղքատ երկրում ամոթ է հարուստ լինելը, թե հարուստ ապրելը: Ինձ թվում է շատ ավելի դիպուկ էր դեռեւս 2008 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշումը, որ նա արեց ԱԺ ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ աղքատության մեծ տոկոս ունեցող երկրում քրիստոնեավայել չէ հարստության եւ ուժի ցուցադրումը: Անկախ, թե ինչպես կգնահատեք Տիգրան Սարգսյանի գործունեությունը, նրա ձեւակերպումը շատ ավելի ճշգրիտ է: Հարուստ լինելը չպետք է լինի ամոթ: Ամոթ պետք է լինի «ցուցամոլությունը», ամոթ պետք է լինի հարստությունը եւ ֆիզիկական ուժը վարքագծի առանցք դարձնելը:
Ի դեպ, Սարգսյանն այդ ելույթում էլի կարեւոր բաներ նշեց, օրինակ այն, որ մեր գլխավոր խնդիրներից մեկը գավառականությունն է:
Ահա այդ համատեքստում նաեւ հետաքրքիր է, թե ո՞ր ուժերն էին արմատական թիրախավորման ենթարկում Սարգսյանին եւ ի վերջո 2014 թվականին հասան նրա պաշտոնանկության, որին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը՝ «բոլորի համար ընդունելի վարչապետը», «ԱԺ պատկերով ու նմանությամբ» իր դղյակով ասել եմ, կրկնեմ՝ Հայաստանի քաղաքական պատմությունը շատ ավելի բազմաշերտ ու բազմազան է, քան միարժեք գնահատականներն ու երկրպագությունները:
Ընդ որում, Հայաստանը քառորդ դարից ավելի կառավարած էլիտայի արժեհամակարգը Ազատության պողոտայի քարե պարսպից անդին է, որտեղ ծառերին փոխարինեցին զանազան բարձր ու միջին պաշտոնյաների դղյակները: Տարիներով խոյաած այդ դղյակներն են պետության հանդեպ վերաբերմունքի խեղված պատկերը, այդ դղյակներն են այդ մարդկանց աշխարհայացքն ու աշխարհընկալումը: Թե չէ մի հարսանիքն ինչ է: