Քաղաքականություն

ԱՄՆ-ը ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է չայցելել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներ և Լեռնային Ղարաբաղ․ նոր նախազգուշացում է տարածվել

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ Այսօր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել:

ԱՄՆ քաղաքացիների համար նախատեսված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ «Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։ Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝
• Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
• Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
• Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
• Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
• Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
• Սյունիքի մարզ։
• Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։

Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հորդորում է ՝
• Գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար,
• Հետևել տեղական լրատվամիջոցներին թարմացումների համար,
• Խուսափել մարդաշատ վայրերից,
• Խուսափել ցույցերից,
• Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին,
• Զգոն եղեք շրջապատում,
• Զգույշ եղեք գիշերը քայլելիս կամ վարելիս:

Վերջին տարիներին և հատկապես 44-օրա պատերազմից առաջ ու հետո քաղաքական, փորձագիտական շրջանակները կարևորում են ԱՄՆ դեսպանատան անվտանգային նախազգուշացումները, որոնք տարածվում են Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների կողմից, քանի որ դրանք գրեթե մշտապես համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետ։ Այս անգամ ևս թերևս բացառություն չէ, քանի որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը վերոնշյալ ուղղություններով՝ զուգահեռաբար տարածելով ապատեղեկատվություն, որը փորձագետների գնահատմամբ ավելի լայնամասշտաբ սադրանքի նախերգանք է։

168․am

Ամենաընթերցվածները

Exit mobile version