Սոցցանցեր

Փաշինյանը հրապարակ է նետում բացահայտ կեղծիքներ

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Փաշինյանը երեկ ԱԺ-ում, խոսելով Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին, հայտարարել է հետևյալը. «Չգիտեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վիճում են, թե չեն վիճում, բայց մի 2 տարի առաջ վիճում էին՝ ո՞վ է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 1997-1998 թվականներին»:

Հանրապետության գերագույն գլխավոր արկածախնդիրն ու մանիպուլյատորը, ըստ էության, հավատարիմ մնալով Հայաստանի նախկին բոլոր իշխանություններին նույնացնելու իր հեղինակած պրոպագանդային, հիմա էլ փորձում է Արցախի հարցի վերաբերյալ նախկին բոլոր իշխանությունների դիրքորոշումները նույնացնել: Փաշինյանն այդ պրոպագանդան իրականացնելու ճանապարհին ոչ միայն փորձում է մանիպուլացնել հասարակությանը, այլև՝ հրապարակ է նետում բացահայտ կեղծիքներ:

Նախ, հրապարակային փաստ է այն իրողությունը, որ 1997-98թթ-ին Տեր-Պետրոսյան – Քոչարյան տարաձայնություններից է եղել նաև այն հանգամանքը, որ եթե Տեր-Պետրոսյանը մշտապես հայտարարում էր, որ «Հայաստանի համար ընդունելի է ցանկացած լուծում, որն ընդունելի կլինի Արցախի համար», որ «Հայաստանը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Արցախի ստորագրությունը», ապա Քոչարյանը, հակադրվելով այս դիրքորոշումներին, պնդել ու մինչև վերջերս շարունակում էր պնդել, թե նման դիրքորոշումները նշանակում են «Արցախին միայնակ թողնել»:

Թե որքանով էին Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները նշանակում «Արցախին միայնակ թողնել», դա թողնենք ռացիոնալ մտածելակերպ ունեցողների դատին: Վերադառնալով բուն թեմային, այն է՝ Փաշինյանի կողմից Տեր-Պետրոսյան – Քոչարյան նման ակնհայտ տարաձայնությունները նույնացնելուն, ապա նման գործելաոճի միակ նպատակը կեղծիքների միջոցով քաղաքական դիվիդետներ հավաքելն է: Հակառակ դեպքում, ազնիվ լինելու դեպքում, Փաշինյանը ստիպված էր լինելու մեղա գալ:

Ինչ վերաբերում է Արցախը բանակցություններից դուրս թողնելու թեմային, որի վերաբերյալ երեկ խոսելիս, Փաշինյանը փորձում էր այդ մեղքը տարածել նաև Տեր-Պետրոսյանի վրա՝ մանիպուլյատիվ կերպով լղոզելով իշխանությունը Տեր-Պետրոսյանից Քոչարյանին անցնելու ժամանակահատվածը, ապա այս դեպքում, Փաշինյանի էժանագին նպատակները ընկալելու համար, ընդամենը հարկավոր է վերհիշել նույն Փաշինյանի կողմից ոչ հեռավոր անցյալում տվյալ թեմայի վերաբերյալ հնչեցված գնահատականներից ու մոտեցումներից թեկուզ մեկը.

«Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես» (06.06.2018թ.):

Ինչպես տեսնում եք, Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո արդեն իսկ հստակ նշել էր թե որ թվականից և ինչ հանգամանքներում է Արցախը դուրս թողնվել բանակցություններից, ինչըև ինքնին ապացուցում է այն ակնհայտ իրողությունը, որ Փաշինյանի ներկայիս դիրքորոշումներն ընդամենը թելադրված են սեփական ձախողումներն ու աղետալի արկածախնդրությունները քողարկելուն ուղղված քաղաքական էժանագին նպատակահարմարությամբ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version