Քաղաքականություն

Բաց նամակ. Մխիթար Հայրապետյանը լկտիաբար ստեց, որ ունի մի քանի գիտական հոդվածներ․ Բացահայտեք ու հրապարակեք գիտական հոդվածների ցանկը

Բաց նամակ «Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրերի համակարգող Արշալույս Մղդեսյանին

Նամակի բուն պատճառը ապրիլի 15-ին  իբր Ձեր կողմից կազմակերպված «Գիտության զարգացում․ արդյունավետության խնդիրներ և ֆինանսավորման սղություն» թեմայով քննարկումն է (https://www.facebook.com/factor.am/videos/211232980371119), որը հասանելի դարձավ, գոնե ինձ համար, Factor TV-ի ՖԲ-յան ուղիղ հեռարձակման միջոցով:

Տվյալ քննարկման կապակցությամբ ասելիքս շատ կարճ է, քանի որ Ձեր ձեռամբ խախտում եմ իմ որոշումը՝ պոպուլիզմով տառապող իշխանությունների օրոք չխոսել գիտության մասին, քանի որ նույնիսկ տեսականորեն անօգուտ է:

Ձե՛զ մի խորհուրդ՝ տուրք մի տվեք գործող իշխանություններին ու իրենց քաղաքականացված ու կասկածելի կենսագրությամբ ներկայացուցիչներին: Դուք լրագրող եք, պետք է որ անկախ ու անաչառ լինեք: Հաշվի առնելով Ձեր նախորդ հաջողված, գոնե իմ կարծիքով, հարցազրույցները կոնկրետ մասնագետների հետ, համոզված եմ, որ վերոհիշյալ քննարկման մասնակիցների ցանկն անձամբ Դուք չեք կազմել: Բայց, միայն այն փաստը, որ վերոնշյալ վերամբարձ վերնագրով հանրային քննարկումն իրականացվում է կրթության ոլորտի մասնագետների հետ, ակնհայտ է դարձնում, որ քննարկման նպատակներն այլ են: Տվյալ դեպքում, անձամբ հակված եմ ենթադրել, որ քննարկումը, այսօր մոդայիկ դարձած և ակնհայտ անգրագետ իշխանությունների կողմից նախընտրական PR հանդիսացող թեմայով, ինչ որ իմաստով պարտադրված է և, փաստորեն, պարտադրված է ՔՊ-ական պատգամավոր, «դոկտոր», Հովհաննես Հովհաննիսյանի կողմից, ներառյալ նրա կողմից Ձեր քննարկմանը հրավիրված գիտության ոլորտի կարկառուն մասնագետներին, որոնք բացարձակապես կապ չունեն քննարկվող հարցի հետ, ինչքան էլ  որ կրթության ոլորտի կարկառուն փորձագետներ հանդիսանան: Ի դեպ, ինչքան գիտեմ առ այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ոչ թե «դոկտոր», Հովհաննես Հովհաննիսյանն է, այլ նորից ՔՊ-ական, մտքի ու բարոյականության էտալոն Մխիթար Հայրապետյանն է, ով, համոզված եմ, լկտիաբար ստեց ժամանակին՝ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, որ ունի մի քանի գիտական հոդվածներ: Հիմա, եթե իսկապես Ձեզ հետաքրքրում է գիտության ոլորտի առկա վիճակը ՔՊ-ական Հայաստանում, խնդրում եմ օգտվել Ձեր լրագրողական բարձունքից և շահագրգիռ հանրությանը օգնել պարզել երկու շատ կոնկրետ հարց.

  1. Արդյոք օրինական ճանապարհո՞վ է Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվել գիտությունների դոկտորի կոչումը, քանի որ որ հիմնավոր կասկածների փարատման նպատակով հարցմանը չի արձագանքում պատասխանատու պետական կառույցը՝ ԲՈԿ-ը:
  2. Բացահայտել ու հրապարակել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի «մի քանի» գիտական հոդվածների ցանկը:

Արդյունքում, Ձեզ էլ և, հատկապես, մեզ էլ պարզ կդառնա, թե ովքե՞ր են գիտության ոլորտը զարգացնողները և ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդպիսի զարգացնողներից: Իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ կարող է ձեռքի հետ սովորել, որ «ֆիզիկայի ինստիտոտի թղթակից անդամ» չի լինում, պարզապես:

Տուրք տալով ժամանակի ստանդարտներին՝ նամակս ստորագրում եմ որպես գիտության ոլորտի կարկառուն փորձագետ՝

Հարություն Կարապետյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version