Ժամանց

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։

Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։

«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարա­վորու­թյուններ ստեղծել: 

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version