Վատագույն դեպքում՝ մեր մանկությունից մի քանի անուշ խոսք կհիշեմ
Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.
Թարմ հուշեր կոնցլագերից
Ուղիղ 3 տարի առաջ, էս ժամին, մի շատ բարի փոխգնդապետ ինձ մեղադրանք ներկայացրեց, թե ես քյարփինջով միլիցու եմ զարկել, մահակն եմ խլել ու ծեծել եմ մեկ այլ միլիցու։ Մասիվի դատարանում մի առաքինի դատավոր վիդեոները նայեց, տեսավ, որ ոչ մի նման բան չեմ արել, ոչ մի դրվագը չկար տեսագրության մեջ, թեպետ փոխգնդապետը րոպե-վայրկյանով նշել էր։
Ետուառաջ արեցին՝ չգտան, վերջին դրվագում մի քիչ երկար նայեցին, տեսան, որ ոչ թե հրմշտում ու ծեծում եմ, այլ գետնին ընկած, ոտնատակ գնացող, սաղավարտավոր, զրահապատ ոստիկանին ոտների տակից հանում, կանգնեցնում, հանձնում եմ ոստիկաններին։
Վերջը էն առաքինի դատավորը որոշեց բավարարել ՀՔԾ փոխգնդապետի միջնորդությունն ու ինձ կալանավորել։
Ազնիվության կտոր փոխգնդապետը հետո առաջ գնաց եւ հիմա ԱԱԾ փոխգնդապետ է, մարշալ էլ կդառնա անշուշտ։ Առաքինի դատավորը՝ շարունակում է իր սուրբ գործը նույն դատարանում։ Բոլորին առողջություն եմ մաղթում ու երկար տարիների կյանք։
Հա, չմոռանամ, ինձ վեթինգի ու անցումային արդարադատության մասին զվարճալի բաներ չպատմեք, լավագույն դեպքում էնքան կպատմեմ՝ ականջներդ կթառամեն, վատագույն դեպքում՝ մեր մանկությունից մի քանի անուշ խոսք կհիշեմ, էս երկու օրվա լսածներդ աղոթք կթվան…