Համատարած զազրախոսության, փոխադարձ վիրավորանքների ու տափակաբանությունների ֆոնին, ով եթե ոչ հենց Հայ Ազգային Կոնգրեսը պետք է խոսի։ Ուրիշ էլ ումի՞ց պիտի լսենք իրավիճակի սթափ գնահատական, եթե ոչ հենց ՀԱԿ-ից։ Անկախությունից ի վեր բազում զրկանքների ու հալածանքների միջով անցած ուժը, եղավ այն բացառիկը, որ թեև ամեն գնով լռեցվում էր ամենադաժան մեթոդներով, երբեք չընկրկեց, երբեք չկորցրեց համարձակությունը ճշմարտության երեսին ուղիղ նայելու համար։ Անկախ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, առաջին նախագահին հաջորդած բոլոր ղեկավարներով հանդերձ, ամենակնճռոտ հարցի՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց ռոմանտիկ, առավելապաշտական մոտեցումներով, հիմնովին ջախջախվեցին այս ուժի պրագմատիկ մտածողության առաջ։ Արդ, ուրեմն, երբ եթե ոչ հիմա, ՀԱԿ-ը պետք է ասի իր վճռական խոսքը և ներեք՝ ինձ բացարձակապես հետաքրքրիր չէ, թե այդ խոսքին քանիսը կանսան։ Ճշմարտությունը պետք հնչի։ ՀԱԿ-ը պետք է իր խոսքն ասի և վերջ։ Ողջախոհության ջահը չի՛ կարող մարել։