Մենք անընդհատ ասում ենք՝ ինչո՞ւ տեղի չի ունենում քաղաքական սերնդափոխություն: Ինչո՞ւ են անընդհատ նույն դեմքերը դաշտում, «հայոց արգանդը չորացե՞լ է»: Ինչո՞ւ այդքան քիչ կին քաղաքական գործիչ կա։
Գիտե՞ք՝ որն է պատճառներից մեկը։
Ֆեյսբուքի սլենգով ասած «սռաչը» ու «խլեշը»:
Անձամբ ճանաչում եմ շատ արժանի, բանիմաց, հայրենասեր մարդկանց, որոնք կարող էին թարմ ուժ բերել քաղաքական դաշտ, իրացնել իրենց ողջ պոտենցիալը, բայց սարսափում են էն մթնոլորտից, որ տիրում է այսօր ամենուրեք ու հատկապես սոցցանցերում:
Ասում են՝ ես հոգեբանորեն պատրաստ չեմ, որ իմ ամեն խոսքի տակ «բազմահարկ հայհոյանքներ» գրեն, որ մայր ու կին ոչնչացնեն, որ երեխա անիծեն: Ֆեյքերի բանակին քսի տան վրաս…
Ու հատկապես խոցելի են կանայք: Մի շատ պատրաստված կնոջ հարցնում եմ՝ կուզե՞իր մտնել քաղաքականություն: Ասեց՝ երբեք!!
Ես պատրաստ չեմ, որ մտնեն ինստգրամիս էջ, հանեն լողափիս նկարները ու սկանդալային վերնագրով «ճպացնեն» իրենց կայքերում:
Պատրաստ չեմ, որ ինչքան չկայացած ու չարացած այր ու կին կա, գան դրանց տակ մեկնաբանեն կնճիռներս, ցելյուլիտս, քննարկեն իմ ունեցած ու չունեցած տղամարդկանց, ասեն՝ Պողոսի սիրածն ա, Պետրոսի հետ ա քնել, բալեն թաղեմ, մորը էն բանից անեմ…, գրանտակեր ա, պամադեն կարմիր ա, այլմոլորակային ա՝ Մարսից են ուղարկել, որ Հայաստանը քանդի:
Ասում է՝ պատրաստ չեմ, որ կոնտեքստից միտքս կտրեն-հանեն ու դարձնեն բոլոլա, ինձ էլ՝ թիրախ ու բոքսի տանձիկ:
Ու այնպես քեզ ոչնչացնեն հանրային ընկալումներում, որ անգամ սարսափես խոսք ասել: Հետո էլ գան ասեն՝ բա խոսա, աղջի, խոսա, խի՞ ես էդ կարմիր պամադով բերանդ ջուռ արել։
Մենք այս առումով իբրև հանրություն անելիք ունենք: Մենք պետք է վերջապես սովորենք անգամ մեր անհամաձայնությունը քաղաքակիրթ արտահայտել: Սովորենք հանրային դիսկուրսի նշաձողը բարձրացնել, որովհետև էդ միտումնավոր սարքած էժանագին սռաչի արանքում կարևոր հարցեր չեն բարձրացվում: Հատուկ մշակված քաղաքականություն՝ գազազած, իրար ատող, անկիրթ մարդկանց հեշտ է կառավարել: Իրենք կարևոր հարցեր չեն բարձրացնում
Այնպես որ, ամեն անգամ հայհոյախառն քոմենթ գրելուց առաջ եկեք մտածենք, որ դրանով ինքներս մեզ նորից խորտակում ենք էս գավառամիտ քաղաքական ճահիճում։