Հասարակություն

Ալեքսեյ Լիխաչովը Փաշինյանին է նվիրել Մեծամորի ԱԷԿ-ի առաջին գլխավոր սխեմայի բնօրինակը

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է Մեծամորի ԱԷԿ-ի առաջին գլխավոր սխեմայի բնօրինակը։ Փաստաթուղթը մշակվել է անցյալ դարի 60-ական թվականներին։ Այս մասին Լիխաչովը հայտնել է Երևանում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նվերը կապված է կայանի կառուցման որոշման 60-ամյակի հետ։ 1966 թվականի սեպտեմբերի վերջին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշում էր ընդունել Մեծամորի կայանի ստեղծման մասին, իսկ 1967-1968 թվականներին նախագծային աշխատանքները սկսվել էին այն ժամանակվա Գորկի քաղաքում՝ Լիխաչովի հայրենի մարզում։

«Ռոսատոմի» ղեկավարը Մեծամորի ԱԷԿ-ն անվանել է խորհրդային ատոմային տեխնոլոգիաների հպարտություն։ Նա նշել է, որ կայանը դիմակայել է հզոր երկրաշարժի, մի քանի տարի չի շահագործվել, սակայն հայ մասնագետների՝ ռուս և այլ գործընկերների աջակցությամբ վերականգնել է իր հզորությունը։

Հայաստանում գործում է մեկ ատոմակայան՝ երկու էներգաբլոկով։ Դրանք կառուցված են ВВЭР-440 տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա և շահագործման են հանձնվել 1976 և 1980 թվականներին։ ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին։

«Ռոսատոմի» աջակցությամբ 2021 թվականին ավարտվել է ատոմակայանի արդիականացումը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթաց սկսելու մասին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version