Հասարակություն

Ժաննա Անդրեասյանն ու Ժիլ Բոննեն քննարկել են ՀՖՀ-ի զարգացման ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ։ Վերջինս Երևանում է գտնվում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Միսաք Մանուշյան» հոսքի ձևավորումն արտացոլում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական ու մշակութային կապերը։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն մասնագիտական կրթության, այլև ընդհանուր արժեքների ձևավորման մասին է։

Նախարարը կարևորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը երկրի կրթական համակարգում և ընդգծել, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում բարձրագույն կրթության զարգացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՖՀ-ին տարածք է տրամադրվել, ինչը կնպաստի համալսարանի ենթակառուցվածքների զարգացմանն ու ակադեմիական համագործակցության խորացմանը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին։ Նա նշել է, որ այդ միջոցառման շրջանակում համալսարանը կարող է դեր ունենալ ֆրանսախոս կամավորների ներգրավման և մյուս կամավորների համար ֆրանսերենի ուսուցման կազմակերպման գործում։

Ժիլ Բոննեն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ տեղեկացնելով, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ռազմավարությունը մշակման փուլում է։ Նա նշել է, որ ֆրանսիական կողմը կարևորում է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությանը համահունչ գործունեությունը։

Կողմերը քննարկել են նաև համալսարանի միջազգայնացման, վարկանիշավորման համակարգում դրա ներգրավման, բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակման և «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում բուհի դերի հետ կապված հարցեր։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version