Հասարակություն

Ժաննա Անդրեասյանն ու Ժիլ Բոննեն քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ։ Վերջինս Երևանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի ձևավորումը վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական ու մշակութային կապերի մասին։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն մասնագիտական կրթության, այլև ընդհանուր արժեքների ձևավորման մասին է։ Նախարարը կարևորել է բուհի դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում և ընդգծել, որ կառավարությունն աշխատում է բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք է տրամադրվել։ Ըստ նախարարության՝ դա կնպաստի բուհի ենթակառուցվածքների զարգացմանն ու ակադեմիական համագործակցության խորացմանը։ Քննարկվել է նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի շրջանակում բուհի մասնակցությունը՝ ֆրանսախոս կամավորների տրամադրման և այլ կամավորների համար ֆրանսերենի ուսուցման կազմակերպման հարցերում։

Ժիլ Բոննեն հայտնել է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ռազմավարությունը մշակման փուլում է։ Նա նշել է, որ ֆրանսիական կողմը կարևորում է Հայաստանի կրթական համակարգի զարգացման ռազմավարությանը համահունչ գործունեությունը։ Կողմերը քննարկել են նաև բուհի միջազգայնացման, վարկանիշավորման համակարգում ներգրավման, բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակման և «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում համալսարանի դերակատարության հարցերը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version