Հասարակություն
Հայաստանում քննարկվել են դատարանում մեղադրանքի պաշտպանության հայաստանյան և ամերիկյան մոտեցումները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում մասնագիտական քննարկում է անցկացվել՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ։ Հանդիպումը նախաձեռնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազի խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև Դատախազության աշխատակազմի Իրավաբանական բաժնի ներկայացուցիչները։
«Մեղադրանքի արդյունավետ պաշտպանությունը դատարանում. ամերիկյան և հայաստանյան փորձ» թեմայով մասնագիտական երկխոսության ընթացքում Աննա Վարդապետյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և տարբեր իրավական համակարգերի միջև փորձի փոխանակումը՝ դատախազական աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Արմենուհի Էմի Աշվանյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, այդ թվում՝ Կալիֆոռնիա նահանգում, մեղադրանքի պաշտպանության և դատական գործընթացում դատախազի դերի վերաբերյալ կիրառվող մոտեցումները։ Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերում դատախազների աշխատանքի առանձնահատկությունները, դատարանում մեղադրանքի պաշտպանության մարտահրավերները, դատավարական հմտություններն ու մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ անցկացվել էր նաև «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում։
Աղբյուր՝ 168.am