Հասարակություն
Դատախազությունում քննարկվել են մեղադրանքի պաշտպանության հայաստանյան և ամերիկյան մոտեցումները

ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ։ Հանդիպումը նախաձեռնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Քննարկմանը մասնակցել են գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազի խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև Դատախազության աշխատակազմի Իրավաբանական բաժնի ներկայացուցիչները։
Մասնագիտական երկխոսության թեման եղել է «Մեղադրանքի արդյունավետ պաշտպանությունը դատարանում. ամերիկյան և հայաստանյան փորձը»։ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով տարբեր իրավական համակարգերի միջև փորձի փոխանակման նշանակությունը դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
Արմենուհի Էմի Աշվանյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիա նահանգում, մեղադրանքի պաշտպանության և դատական գործընթացում դատախազի դերի վերաբերյալ մոտեցումները։
Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի իրավական համակարգերում դատախազների աշխատանքի առանձնահատկությունները, դատարանում մեղադրանքի պաշտպանության մարտահրավերները, դատավարական հմտությունները և մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ անցկացվել էր նաև «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Աղբյուր՝ aravot.am