Տնտեսություն

Ռուսաստանը սահմանափակել է մի շարք երկրներ 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումարի արտահանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ֆիզիկական անձանց արգելվում է երկրից Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, ինչպես նաև Ուզբեկստան, Տաջիկստան և Ադրբեջան, արտահանել 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին նշված երկրներ ռուբլի արտահանելը ամբողջությամբ արգելվում է։ Ֆիզիկական անձանց համար նախկին սահմանաչափը 100 հազար դոլարին համարժեք ռուբլին էր՝ մոտ 8,5 միլիոն ռուբլի։

1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումարը նշված երկրներ հնարավոր է տեղափոխել միայն միջազգային օդանավակայաններով՝ ներկայացնելով բանկային քաղվածքներ կամ գումարի ծագումը հաստատող այլ փաստաթղթեր։

2022 թվականի մարտից Ռուսաստանից մեկ անձի համար 10 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող արտարժույթի արտահանումն արգելված է։ Միևնույն ժամանակ, Պուտինի հրամանագրում չնշված երկրներ կանխիկ ռուբլի կարելի է արտահանել նաև 1 միլիոնը գերազանցող չափով, եթե գումարը հայտարարագրված է։

Ռուսաստանի նախագահը նախօրեին մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որով սահմանափակվում է վառելիքի և էներգետիկայի ոլորտի որոշ տվյալների հասանելիությունը։ Գաղտնի են դառնում նավթավերամշակման գործարաններում վառելիքի վերամշակման և արտադրության ծավալների, բենզինի ու դիզելային վառելիքի վաճառքի, ինչպես նաև դրանց տեղափոխման երթուղիների վերաբերյալ տեղեկությունները։ Փաստաթղթի համաձայն՝ այդ սահմանափակումները կիրառվում են ի պատասխան ԱՄՆ-ի, նրա դաշնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների գործողությունների։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version