Արտաքին աշխարհ
«Միության ուժը-2026»-ի ընթացքում Ադրբեջանը կիրառել է իսրայելական և թուրքական զինատեսակներ

Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժությունների ակտիվ փուլը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Զորավարժություններն անցկացվում են երեք ուղղությամբ՝ Նախիջևանում, Արցախի օկուպացված տարածքում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։
Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են տարբեր սցենարներ՝ կրակային աջակցությամբ հարձակման, զրահատեխնիկայի կիրառմամբ մարտական գործողությունների, օդային թիրախների, ռադիոլոկացիոն կայանների, զենիթահրթիռային համակարգերի ու ռազմական տեխնիկայի խոցման, ինչպես նաև պայմանական ահաբեկիչների ցամաքային դիրքերի ոչնչացման վերաբերյալ։ Կիրառվել են հրետանի և ավիացիա։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի կադրերից մասնագետները ենթադրել են, որ զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը կիրառել է իսրայելական արտադրության SkyStriker Block 4 թափառող զինամթերք՝ PULS հարթակից։ SkyStriker Block 4-ը Elbit Systems ընկերության մշակած անօդաչու թափառող զինամթերքի արդիականացված տարբերակն է։ Այդ համակարգերն առաջին անգամ ցուցադրվել էին Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ։
Զորավարժությունների շրջանակում Ադրբեջանը օդ է բարձրացրել նաև Թուրքիայի աջակցությամբ արդիականացված Su-25ML գրոհիչ ինքնաթիռները։ Դրանք համալրված են թուրքական ASELSAN ընկերության LGK-82 լազերային ուղղորդման համակարգով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական ընկերության միջև Su-25 գրոհիչների արդիականացման պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հուլիսի 26-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ ծրագրի շրջանակում Ադրբեջանը պետք է ստանա նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ։
Նշվել է նաև, որ ադրբեջանական Su-25 գրոհիչները զինված են թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով, որոնց թռիչքի հեռահարությունը գերազանցում է 250 կմ-ը։
Մինչև զորավարժությունները Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները ամռանը ակտիվ ուսումնական վարժանքներ էին անցկացրել՝ թռիչքներ կատարելով JF-17C (Block III), Su-25ML և Su-25 ինքնաթիռներով։ Այդ հիմքով հնարավոր է համարվում, որ «Միության ուժը-2026»-ի շրջանակում կիրառվել են նաև Պակիստանից Ադրբեջանի ձեռք բերած JF-17C կործանիչները։
Սեպտեմբերի 25-ին զորավարժությունների ընթացքին հետևել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը։ Պաշտպանության նախարարության հրապարակած կադրերում երևում է նաև Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար Քադիր Չելիքը։ Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարության դեպարտամենտը և զբաղվել ռազմավարական պլանավորմամբ, ուժերի զարգացմամբ ու անվտանգային հայեցակարգերի համակարգմամբ։
Կարսում տեղակայված 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը համարվում է Հայաստանի ուղղության համատեքստում նշանակություն ունեցող թուրքական ստորաբաժանումներից մեկը։ Ավելի վաղ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում ՀՀ ՊՆ տեսչական խումբն այցելել էր բրիգադ, ճշտել աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ինչպես նաև ստուգել պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության առկայությունը։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում կանցկացվի ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսը։ Դրան ազգային տաղավարներով կմասնակցեն Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Իտալիան, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուզբեկստանը և Չեխիան։ «Միության ուժը-2026»-ում ցուցադրված կամ կիրառված համակարգերի մի մասը կապված է այդ երկրների ռազմարդյունաբերության հետ։
Աղբյուր՝ 168.am