Արտաքին աշխարհ
Վաշինգտոնը քննարկում է քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Ռուսաստանի կողմից մի շարք քաղաքական բանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման նախաձեռնությանը, հայտնում է The Atlantic-ը։ Պարբերականը նշում է, որ գաղափարը դեռ վաղ փուլում է և մինչ այժմ հրապարակայնորեն չի ներկայացվել։
The Atlantic-ի տվյալներով՝ մի քանի ամիս առաջ Թրամփի՝ Արևելյան Եվրոպայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քոուլը նախագահին առաջարկել է Մոսկվայի հետ հարաբերություններում կիրառել սառը պատերազմի տարիների դիվանագիտական գործարքները հիշեցնող մոտեցում։ Ըստ այդ սխեմայի՝ Ռուսաստանը պետք է ազատ արձակեր մի շարք քաղաքական բանտարկյալների, իսկ Վաշինգտոնը՝ դրա դիմաց մեղմացներ տնտեսական սահմանափակումները։
Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ այս մեխանիզմը կարող էր ընդլայնել Ռուսաստանի հետ բանակցությունները՝ դրանք չսահմանափակելով միայն Ուկրաինայում պատերազմով, ինչպես նաև հիմք ստեղծել երկրի՝ համաշխարհային տնտեսություն աստիճանական վերադարձի համար։ Հեռանկարում Վաշինգտոնը կարող էր քննարկել Մոսկվայի հետ ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հողային մետաղների և այլ հումքային ապրանքների մատակարարումների շուրջ գործարքներ։
Պարբերականի փոխանցմամբ՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը կարող էր նաև նպաստել Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու ձգտմանը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր թուլացումը կարող է բացասական արձագանք առաջացնել Ուկրաինայում և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների շրջանում։ Քննադատները մտահոգվում են, որ Մոսկվայի հետ տնտեսական գործարքները ռուսական պետությանը լրացուցիչ եկամուտներ կտրամադրեն Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում։
Նախաձեռնությունը քննարկվում է Վաշինգտոնի հակասական ազդակների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ մշակված օրենքը, որը նախագահին լրացուցիչ լիազորություններ է տալիս Ռուսաստանի և նրա հետ առևտուր իրականացնող երկրների նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանելու համար։ Միաժամանակ, ըստ The Atlantic-ի, ամերիկացի ներկայացուցիչները փորձում են գտնել սահմանափակումների աստիճանական մեղմացման և Մոսկվայի հետ տնտեսական կապերի վերականգնման հնարավորություններ։
Աղբյուր՝ 168.am