Քաղաքականություն

Հովիկ Ավանեսովը ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների մասին

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործընթացն արագանում է, մինչդեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պասիվ արձագանքել այդ մարտահրավերներին։ «168 TV»-ի «Զառան հարց ունի» հաղորդման ընթացքում նա նշել է, որ իշխանությունները թեմային անդրադառնում են հիմնականում կողմնակի հարցադրումների դեպքում և խուսափում են ուղիղ հակադարձումներից։

Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանի նկրտումներն այլևս չեն սահմանափակվում Արցախով և թիրախավորում են նաև Հայաստանի տարածքը։ Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին, ինչպես նաև Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևայի պնդմանը, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի վերաբերյալ տվյալները 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին։ Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրել է «գողության» մեջ։

Օմբուդսմենը նաև նշել է, որ Ադրբեջանի պետական քարոզչության գործիք համարվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նոր աշխատանքային խումբ է ձևավորել։ Նրա գնահատմամբ՝ այդ խմբի նպատակը Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների աղավաղումն ու «ուսումնասիրության» պատրվակով դրանց նկատմամբ հավակնություններ ներկայացնելն է։

Հովիկ Ավանեսովը հիշեցրել է, որ նախկինում նման զարգացումներին տրվել են պաշտոնական գնահատականներ, դրանք ներկայացվել են միջազգային կազմակերպություններին և քննադատվել։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում, սակայն, նկատվում է «կատարյալ լռություն», իսկ որոշ հայտարարություններ արվում են այնպիսի ձևաչափով, որը, իր գնահատմամբ, Ադրբեջանի համար «կանաչ լույս է վառում»։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version