Հասարակություն

Մայր Աթոռում քննարկվել է Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելությունը

Սեպտեմբերի 29-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին։ Հյուրերին ուղեկցել է Մայր Աթոռի բարերար Աշոտ Թունյանը։

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նրանք այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը ծանոթանալու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելությանը։ Ընդգծվել է Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի և ազգային ինքնության ձևավորման ու պահպանման գործում։

Զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը անհատի ու հասարակության կյանքում, ինչպես նաև երիտասարդների քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց մասնակցությունը՝ դրանք դիտարկելով որպես հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի ձևավորման կարևոր պայմաններ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version