Հասարակություն
Գարեգին Երկրորդը հանդիպել է ԱՄՆ-ի նախկին կոնգրեսականի և այլ գործիչների հետ

Սեպտեմբերի 29-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին։ Հյուրերին ուղեկցել է Մայր Աթոռի բարերար Աշոտ Թունյանը։
Ըստ Մայր Աթոռի՝ հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում անցկացվելիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով։ Նրանք այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը ծանոթանալու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը։ Ընդգծվել է Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի և ազգային ինքնության ձևավորման ու պահպանման գործում։
Զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը անհատի ու հասարակության կյանքում, ինչպես նաև երիտասարդների քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությունը՝ որպես հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գործոն։
Աղբյուր՝ aravot.am