Արտաքին աշխարհ

Կալլասը Դամասկոսում հայտարարել է՝ ԵՄ աջակցությունը կախված է Սիրիայի բարեփոխումներից

Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Սիրիայի հետ և ակտիվացնել երկրի վերականգնմանն ուղղված մասնակցությունը, սակայն հետագա աջակցությունը կախված կլինի Դամասկոսի իրականացրած ներքին բարեփոխումներից։ Այս մասին երեքշաբթի Դամասկոսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շիբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Ֆրանսպրեսը։

Կալլասի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է օգտագործել իր քաղաքական և տնտեսական գործիքները՝ Սիրիային ներառական ու խաղաղ անցման ճանապարհին աջակցելու, ինչպես նաև երկիրն ավելի մեծ ներդրումներ ներգրավելու համար։ Նա, սակայն, ընդգծել է, որ այդ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է սիրիական կողմից։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարն ասել է, որ ներդրումների համար անհրաժեշտ է վստահություն, իսկ դրա հիմքում պետք է լինեն անվտանգությունը, հստակ կանոնները, օրենքի գերակայությունն ու գործող պետական ինստիտուտները։ Նա Սիրիայի իշխանություններին կոչ է արել շարունակել պետական կառույցների և անվտանգության համակարգի բարեփոխումները։ Կալլասը անհրաժեշտ պայմանների թվում նշել է նաև կանանց հավասար մասնակցությունը հասարակական կյանքին, ազգային հաշտեցումն ու անցումային արդարադատությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Սիրիայի պետական ինստիտուտների ստեղծմանն ու ամրապնդմանը։

Կալլասը հայտնել է, որ ԵՄ-ն արդեն 620 միլիոն եվրո է հատկացրել Սիրիայի վերականգնման, հումանիտար կարիքների և պետական ինստիտուտների ամրապնդման համար։ Բաշար Ասադի տապալումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները, իսկ 2026 թվականի մայիսին վերականգնել է Դամասկոսի հետ համագործակցության համաձայնագրի գործողությունը։

Աշ-Շիբանիի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է գործընկերության նոր համաձայնագրի պատրաստումը, որը պետք է փոխարինի 1970-ականներին կնքված գործող փաստաթղթին։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի նաև հաջորդ տարի։

Սիրիայի արտգործնախարարը հայտնել է, որ Դամասկոսը եվրոպական երկրների հետ համագործակցում է անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։ Քննարկվել է նաև Սիրիայի առափնյա պահպանության կարողություններին աջակցելու հարցը։ Աշ-Շիբանին ընդգծել է, որ Սիրիայի անվտանգությունն անմիջականորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version