Քաղաքականություն

ԱՎԻ-ն ԵՄ-ից պահանջում է հստակ դիրքորոշում Արցախի հայերի վերադարձի և ժառանգության պաշտպանության հարցում

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը (ԱՎԻ) բաց նամակով դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ մտահոգություն հայտնելով Արցախ կատարած՝ սեպտեմբերի 11–12-ի այցի ընթացքում հնչած ուղերձների և դրսևորած մոտեցումների վերաբերյալ։

ԱՎԻ-ի գնահատմամբ՝ մարդու իրավունքները, արժանապատվությունն ու ժողովրդավարությունը պետք է մնան Հարավային Կովկասում Եվրոպական միության ներգրավվածության հիմքում։ Ինստիտուտը հատկապես կարևորում է Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության հստակ հրապարակային արձանագրումը և նրանց անվտանգ ու արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմանների քննարկումը։

ԱՎԻ-ն մտահոգություն է հայտնել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում՝ Գանձասարի և Դադիվանքի վանքերի, ներկայացման ու դրանց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ։ Ինստիտուտի կարծիքով՝ պատմական և մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը չպետք է ներկայացվեն պարզապես որպես տարբեր տեսակետների մրցակցություն։

Նամակում ԱՎԻ-ն պնդում է, որ ադրբեջանական օրակարգերը ընդունելի դիրքորոշումների շրջանակում ներկայացնելը կարող է նպաստել պատմության վերանայմանը։ Ինստիտուտը նաև զգուշացնում է, որ այդ հարցերի վերաբերյալ հստակ հրապարակային ուղերձների բացակայությունը կարող է թուլացնել եվրոպական վստահելիությունը հայ հասարակության շրջանում և հնարավորություններ ստեղծել չարամիտ ազդեցության ու տեղեկատվական գործողությունների համար։

ԱՎԻ-ն կոչ է անում ԵՄ-ին անդրադառնալ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության խնդրին, աջակցել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանների ստեղծմանը, պաշտպանել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը և խթանել մարդու իրավունքների ու միջազգային նորմերի խախտումների համար հաշվետվողականությունը։

Ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ բարձրացված մտահոգությունները քննարկելու և տարածաշրջանային զարգացումների անվտանգային ու քաղաքական հետևանքների շուրջ երկխոսությունը շարունակելու նպատակով։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version