Հասարակություն

COP17-ից առաջ քննարկվել է կանանց ներգրավվածությունը կենսաբազմազանության կառավարմանը

Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին, ընդառաջ սեպտեմբերի 29-ին անցկացվել է ազգային երկխոսություն՝ գենդերային հավասարության, կենսաբազմազանության և համաժողովի թեմաներով։

Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարումը և բնության պահպանության ու որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնումը։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների, բնական ռեսուրսների հետ սերտ կապ ունեցող համայնքների, ակադեմիական ու հետազոտական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը կարևորել է կանանց դերը բնապահպանության ոլորտում։ Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում կանանց մասնակցությունը որոշումների կայացմանը կարևոր է համայնքների դիմակայունության բարձրացման համար։

Քննարկվել է գենդերային հավասարության, կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման փոխկապակցվածությունը։ Մասնակիցներն անդրադարձել են նաև պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, համայնքների և միջազգային գործընկերների համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Քննարկումը նախապատրաստական հարթակ է եղել COP17-ի շրջանակում նախատեսվող «Կանանց ֆորումի» համար։ Այն հնարավորություն է տվել ձևակերպել ընդհանուր առաջնահերթություններ և մոտեցումներ՝ կենսաբազմազանության կառավարման գործընթացներում կանանց առավել լիարժեք ներգրավման նպատակով։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version