Սոցցանցեր

«Հավաքվենք այս պատերազմի ճարտարապետ Լավրովին հավուր պատշաճի դիմավորելու». Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռն այսօր բողոքի ակցիա կանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ։ «Մայիսի 5-ին՝ ժամը 18:30-ին, Բևեռը շտապ հավաք է հրավիրում Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ իր բողոքն արտահայտելու Լավրովի այցի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ալբերտ Բաղդասարյանն էլ իր Ֆեյսբուքի էջում գրել է․ «Հավաքվենք Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ միասին քայլեր ձեռնարկելու, այս պատերազմի ճարտարապետ Լավրովին հավուր պատշաճի դիմավորելու, մեր գերիների ազատման նպատակով քայլեր ձեռնարկելու»։ 

Ազգային-ժողովրդավարական բևեռը նաև ֆեյբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ․

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Պարոն նախարար, Ազգային-ժողովրդավարական բևեռն իր վճռական բողոքն է արտահայտում Հայաստանի Հանրապետություն Ձեր պաշտոնական այցի կապակցությամբ, միևնույն ժամանակ դատապարտում է Ռուսաստանի Դաշնության որդեգրած քաղաքականությունը հայ ժողովրդի և հայկական պետականության նկատմամբ։

Ձեր անունն անմիջականորեն կապված է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական երևույթի՝ այսպես կոչված «Լավրովյան պլան»-ի հետ, որն առանց չափազանցության արդի ռուսական պատմության ամենաամոթալի էջն է։

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի դեմ 2020 թ. ադրբեջանական աշնանային ագրեսիան տեղի էր ունենում Ռուսաստանի քաղաքական և Թուրքիայի ռազմական օժանդակության պայմաններում և օտարերկրյա վարձկանների ներգրավմամբ: Այն ուղեկցվում էր պատերազմի դադարեցման, իսկ հետագայում նաև՝ հայ գերիների վերադարձման ԵԽԽՎ և ՄԱԿ-ի ջանքերի ռուսական դիվանագիտության սաբոտաժով:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկխոսության և բանակցությունների հնարավոր օրակարգի համար առաջարկում ենք չորս կետից բաղկացած հետևյալ ծրագիրը.

1. Միջազգային իրավունքի նորմերի համաձայն, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններից մեկի՝ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձի իրագործում։

2. 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես սոսկ հրադադարի փաստաթուղթ ճանաչելու, բնականաբար Սյունիքի, մասնավորապես՝ Մեղրու միջանցքի վերաբերյալ բանակցությունների դադարեցում։

3. Արցախի հիմնախնդրի կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի ձևաչափի վերականգնում և Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսում։

4. Արցախի և, առհասարակ, հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղարարի անվան տակ տեղակայված ռուսական զորքի փոխարինում Մինսկի խմբի եռանախագահության միջազգային մանդատով օժտված լեգիտիմ խաղաղապահ ուժերով։

Միայն վերոհիշյալի իրագործման շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն, վերականգնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վստահությունը և հաստատել կայուն հարաբերություններ։

Հակառակ պարագայում, Ձեր այցելությունը Հայաստան մեր երկրի դեմ պլանավորված դավադիր ծրագրի հերթական քայլն է և, բնականաբար, խիստ անցանկալի է»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version