Տնտեսություն
Տնտեսագետը քննադատել է 2027-ից սոցփաթեթների չեղարկման նախատեսվող որոշումը
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթների չեղարկմանը՝ այն որակելով որպես ավելի քան 130,000 քաղաքացու նկատմամբ խաբեություն։
Նրա խոսքով՝ պետական համակարգի աշխատակիցներից նախ պահանջվում է լրացնել հայտարարագիր, իսկ այնուհետև նրանք զրկվում են տարիներ շարունակ խոստացված սոցիալական երաշխիքից։ Կամենդատյանի գնահատմամբ՝ խոսքը միայն որոշման կամ բյուջետային օպտիմալացման մասին չէ։
Տնտեսագետը նշել է, որ սոցփաթեթի շրջանակում տրամադրվող 100,000 դրամը ուսուցիչները, բուժաշխատողները և պետական ծառայողները օգտագործում էին երեխաների ուսման, ընտանիքի բուժման կամ առողջության ապահովագրության համար։ Նրա պնդմամբ՝ այդ միջոցի վերացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում քաղաքացիների համար։
Կամենդատյանը նաև գրել է, որ պետության և քաղաքացիների հարաբերությունները հիմնված են փոխադարձ պարտավորությունների վրա, և սոցիալական իրավունքների կրճատումը կարող է խաթարել հանրային վստահությունը։ Նա պատասխանատուներ է անվանել վարչապետին և Արսեն Թորոսյանին՝ նշելով, որ նրանց որոշումների հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնում են փաստի առաջ։
Աղբյուր՝ yerevan.today