Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը լքած պատգամավորն արտահերթ ընտրություններին կմասնակցի Վահե Հակոբյանի կուսակցության հետ

«Ես որոշել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ կուսակցությունը շանսեր ունի՞ խորհրդարան անցնելու, Գրիգորյանը շեշտեց՝ լավ աշխատանքի արդյունքում շանսեր ունեն:

Լրագրողների պնդմամբ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմելու Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա լինելու է դաշինքի երրորդ համարը, Աննա Գրիգորյանը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա.

«Այս պահին կան կոնսուլտացիաներ: Առնվազն տարօրինակ է, որ այդպիսի պնդում կարելի է անել: Եթե վերջնական որոշում լինի, առաջիկայում հայտարարություն կլինի»:

Հարցին՝ Գրիգորյանը որևէ խնդիր չի՞ տեսնում Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու մեջ, քանի որ ժամանակին եղել է իշխանական կուսակցության անդամ, որը պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ, պատգամավորը պատասխանեց.

«Ես մաս եմ կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցության և այս կերպ եմ շարունակելու իմ քաղաքական ուղին: Կուսակցության ցուցակն էլ վերջնական չէ: Որոշում էլ չկա վերջնական՝ դաշինք կազմելու: Այս հարցերի մասին կարելի է խոսել վերջնական որոշում ունենալուց հետո: Ես այստեղ եմ, վստահաբար, ինձ կարող եք հարցեր տալ: Այսօր լինելու է մեր կուսակցության համագումարը, հետո կրկին լինելու են կոնսուլտացիաներ: Նշեմ նաև, որ ես չեմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ես առաջադրվել եմ «Իմ քայլ»-ի ցուցակով, 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ոչ մի կապ չեմ ունեցել այս քաղաքական թիմի հետ: Այստեղ եմ հայտնվել, որովհետև սյունեցիները ինձ ձայներ են տվել: Հետևաբար ինձ ասել, որ ես եղել եմ այս թիմի մաս, ճիշտ չէ»,- ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո պատգամավորի մանդատը ստացավ Աննա Գրիգորյանը, սակայն վերջինս դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցությունից և այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Վահե Հակոբյանի կուսակցությունը ՀՅԴ-ի հետ միասին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կազմելու են նախընտրական «Քոչարյան դաշինք»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version