Սոցցանցեր

Տեր-Պետրոսյանը նայում է հինգ, տասը տարի առաջ. Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանը Ֆեյսբուքում գրում է․

«Տեր֊Պետրոսյանը մակրո պետական գործիչ է: Նրան հնարավոր չի հասկանալ միկրո տեսանկյունից: Ինքը Հայաստանը տեսնում է աշխարհում իր տեղով և հայտնված վիճակով, գնահատում է արտաքին ռիսկերը, նայում է հինգ, տաս տարի առաջ: Մեր հասարակությունը, ցավոք նաև քաղաքական ուժերի մեծ մասը, միկրո տեսադաշտ ու աշխատանքային դաշտ են տեսնում, այդ տեսանկյունից էլ դատողություններ անում՝ դրանով իսկ ավելի մատչելի ու հասկանալի լինելով լայն զանգվածներին:

Տեր֊Պետրոսյանը պետության պատմության գրող է և իր անձի ընկալումը, փիարը իրեն բացարձակ չի հետաքրքրել ու հետաքրքրում, դրա համար էլ չի փորձել հաճոյացող, մեծամասնության սրտի լարերին համահունչ ճառեր ասել: Ասել է այն, ինչ տեսել է, վերլուծել՝ չվախենալով քարկոծված լինելուց: Ես կարող եմ նրա հետ համամիտ լինել, կամ՝ չլինել, բայց գնահատում եմ ժողովրդի հետ անկեղծ խոսակցություն վարելու իր ոճը: Շատ ավելի զզվելի է ինձ համար, երբ ասում են այն, ինչը կողջունվի, ռազմահայրենասեր խաղում, աքլորանում, բայց փաստացի լրիվ այլ բան անում:

Նոյեմբերի 9֊ից, շատերդ կհիշեք, ես համախմբման, ամեն ներքին բան մի կողմ դնելու կոչ էի անում: Ինձ չէին հասկանում նաև ՀԱԿ-ի ֆրենդներս: Ճիշտ է, ես ոչ թե «բոլորով ընդդեմ Իմ քայլի» էի կոչ անում համախմբվել, այլ բոլորով նստեցնել ԻՔ-ին սեղանի շուրջ և հետագայի հարցերը քննարկել: Որ չունենայինք այն ցնցումներով ու սթրեսներով, ատելությամբ ու ագրեսիայով լցված կես տարին, որն ապրեց պատերազմից ցնցված և հյուծված մեր ժողովուրդը: Ես կասկած չունեմ, որ Առաջին նախագահի մտահոգությունը պետականությունն է և հետագա զարգացումները: Բայց, իմ սուբյեկտիվ կարծիքով, նա կամ գիտի, թե ինչ սցենար է իրականացվում և փորձում է խանգարել, կամ էլ՝ գերագնահատում է մեր քաղաքական դաշտի պետականամետությունը:

Տեր֊Պետրոսյանը և իր գլխավորած քաղաքական ուժը մի շատ կարևոր դեր ստանձնեցին նոյեմբերի 9֊ից հետո՝ թույլ չտալ ներքին արյունահեղություն, քաղաքացիական պատերազմ: Այն վտանգը, որը կախված էր մեր երկրի գլխին նոյեմբերին, գուցե ոչ բավարար խորապես ենք գիտակցում:

Եվ վերջում … եթե ես լինեի Արցախյան հաղթանակած պատերազմի ժամանակաշրջանում երկրի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության՝ տարբեր ուղղություններով առաջին դիվանագիտական կամուրջներ գցողը, ապա, տեսնելով այն, ինչ ունեցանք, երևի խելագարվեի …»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version