Քաղաքականություն
«Հայաստանյան պետական հաստատությունների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին»․ Շոյգուի տեղակալի պնդումը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, թե Հրազդանի մերձակայքում գործող Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի, Իրանի և այլ պետությունների դեմ արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծական ու հետախուզական աշխատանքների համար։
ТАСС-ի փոխանցմամբ՝ Շևցովը նշել է, որ Firebird-ը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ինչի հետևանքով ԱՄՆ հատուկ ծառայություններին, իր պնդմամբ, կարող են հասանելի դառնալ ընկերության սերվերներում մշակվող տվյալները։ Նա եզրակացրել է, որ այդ թվում՝ հայաստանյան պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։
ՌԴ պաշտոնյան նաև պնդել է, թե տվյալների կենտրոնի հզորությունների ընդլայնումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի։ Նրա հայտարարությունների վերաբերյալ Երևանից առայժմ արձագանք չի եղել։
Firebird-ի արհեստական բանականության գործարանը բացվել է օգոստոսի 8-ին՝ մոտ 500 մլն դոլարի ներդրումներով։ Կենտրոնն ունի ավելի քան 1000 GPU՝ գրաֆիկական պրոցեսոր, և արդեն գործարկվել է։ Bloomberg-ի տվյալներով՝ դրա հզորությունների 20 տոկոսը նախատեսված է Հայաստանի, իսկ 80 տոկոսը՝ միջազգային ընկերությունների համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այժմ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան բավարար կլինի գործարանի աշխատանքի համար։
Աղբյուր՝ aravot.am