Հասարակություն
Բրյուսովի, մանկավարժական համալսարանների ու ֆիզկուլտինստիտուտի միավորումը մտել է գործնական փուլ․ «Հրապարակ»

Բրյուսովի անվան և մանկավարժական համալսարանները, ինչպես նաև ֆիզկուլտինստիտուտը միավորելու ծրագիրը, ըստ «Հրապարակ» թերթի, մտել է գործնական փուլ։
Թերթը հիշեցնում է, որ նման նախագիծը կառավարությունը շրջանառության մեջ էր դրել 2022 թվականին։ Այն նախատեսվում էր իրականացնել բուհական համակարգի խոշորացման և «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի շրջանակում։
Միավորման գաղափարի հրապարակումից հետո դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել։ Հատկապես ակտիվ էին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու դասախոսները, ինչի հետևանքով, ըստ հրապարակման, կառավարությունը ժամանակավորապես նահանջել էր։
«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մտադրությունից չեն հրաժարվել, և այժմ իրականացվում են այն կյանքի կոչելուն ուղղված գործնական քայլեր։ ԿԳՄՍ նախարարությունից թերթին հայտնել են, որ հարցի վերաբերյալ մեկնաբանության համար պետք է դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։ Թերթը նշում է, որ կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չի հաջողվել։
Աղբյուր՝ yerevan.today