Հասարակություն

Դուստրը դատարանում հետևում է իր մոր սպանության գործիքների զննությանը․․․

Արման Ղարիբյանը ֆեյսբուքում գրել է․

Դուստրը դատարանում հետևում է իր մոր սպանության գործիքների զննությանը։ Քար, շիշ, որոնցով հարվածներից էլ մահացել է 57-ամյա Ջուլիետան։ Մեղադրվողը ռուսական ռազմաբազայի զինծառայող է, ով,ըստ մեղադրանքի, լուսադեմին փողոց մաքրող կնոջ վրա է հարձակվել, դաժանաբար ծեծել ու սպանել է։

Ջուլիետան և դուստրը Գյումրիի փողոցները մաքրելով են պահել իրենց գոյությունը։ Անահիտի հայրը մահացել է, երբ նա շատ փոքր է եղել, մայրն է նրան մեծացրել մեծ դժվարությամբ։ Անահիտը հիշում է, որ մայրը ստիպված է եղել վաճառել իր հագուստները, որպեսզի երեխան սոված չմնա։

“Մենք տարբեր փողոցներ էինք մաքրում, երանի նույն փողոցը մաքրեինք, որ կամ երկուսիս սպաներ, կամ ես մորս փրկեի”, – ասում է Անահիտը։

Հիմա Անահիտը միայնակ է հոգում իր և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տատու հոգսերը։ Սա իմանալով՝ դատական նիստից հետո մոտեցա, որ հարցնեմ, թե ինչով կարող ենք իրենց օգնել։ Նա ասաց, որ արդարություն է փնտրում, ուզում է, որ մորը դաժանաբար սպանած անձը պատժվի, բայց չի վստահում դատական համակարգին։

Ավելի ուշ նաև պատմեց, որ ընդամենը 70,000֏ աշխատավարձով են ապրում ինքն ու տատը։ Մոր թաղման ծախսերը հոգալու համար նա վարկ է վերցրել, որը մաս-մաս փակում է հիմա։ Մոր գերեզմանը սարքելու խնդիր ունի։ Հողը առանձնացված չէ, քար դրված չէ։

Անահիտն ասում է՝ մայրս աղքատ է ապրել, բայց արժանի էր, որ հաց ու ջրով թաղեինք, դրա համար վարկ վերցրի։ Հպարտ աղջիկ է Անահիտը, այդպես էլ ամբողջ զրույցի ընթացքում օգնություն չխնդրեց։ Սակայն ես շատ կուզեմ, որ կարողանանք օգնել իրեն։ Եկեք մտածենք, թե ինչ կարող ենք անել այս ընտանիքի համար։

Ամենաընթերցվածները

Exit mobile version