Քաղաքականություն

«Սա ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովի ստեղծումն անվանել է հակասահմանադրական՝ պնդելով, որ այն կազմված է միայն ՔՊ-ական պատգամավորներից և ղեկավարում է Արման Եղոյանը։

168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում հոգևորականը նշել է, որ Ազգային ժողովը պետք է վերահսկի կառավարության գործունեությունը, իսկ իր լիազորությունները չի կարող ընդլայնել Սահմանադրությամբ սահմանված շրջանակից դուրս։ Նրա խոսքով՝ Սահմանադրության 17-րդ հոդվածը ամրագրում է եկեղեցու անջատությունը պետությունից, ուստի խորհրդարանը չի կարող զբաղվել եկեղեցու ներքին հարցերով։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանի կարծիքով՝ նման իրավիճակում Սահմանադրական դատարանը պետք է կասեցնի հանձնաժողովի գործունեությունը։ Նա նաև պնդել է, որ իշխանությունը դեռ նախընտրական փուլում իր ծրագրում ներառել էր հակասահմանադրական դրույթ, սակայն անգամ այդ պայմաններում հասարակության ձայների 50+1 տոկոսը չէր ստացել։ Հոգևորականը ընտրությունների վերաբերյալ նաև հայտարարել է, որ տեղի են ունեցել բազմաթիվ ընտրակեղծիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը գիշերը հայտարարել է իր տոկոսը, մինչդեռ Վահագն Հովակիմյանը դա նկարահանել է։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի վայելում հասարակության մեծամասնության, առավել ևս՝ եկեղեցու դեմ պայքարի հանրային աջակցությունը։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշել է, որ վարչապետի աջակիցների խումբը կազմում է 4-5 տոկոս, և այն անձինք, որոնց Փաշինյանը քննադատում է, հասարակության կողմից ավելի շատ պաշտպանություն են ստանում։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ իշխանության հակաեկեղեցական արշավը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը ընդդիմություն էր։ Նա ասել է, որ այդ տարիներին արհեստականորեն ստեղծվում էին թեմաներ և իրականացվում հակաեկեղեցական քարոզ։ Միքայելյանի պնդմամբ՝ 2018-ին իշխանության գալուց հետո Փաշինյանը փորձել է բարձրացնել կաթողիկոսի փոփոխության հարցը, իսկ 2018-ի վերջում օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող մի խումբ ՀԿ-ներ կառավարությանը ներկայացրել են եկեղեցու բարեփոխման պահանջով զեկույց։

Քաղաքագետի գնահատմամբ՝ հակաեկեղեցական արշավի արդյունք չտալուց հետո իշխանությունն անցել է ուղիղ հարձակման։ Նա նշել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանում նման պահանջ էր հնչել, և պնդել է, որ սրբազանների ձերբակալություններն ու կաթողիկոսի դեմ հարուցված գործը չեն նվազեցրել եկեղեցու հեղինակությունը, այլ այն բարձրացրել են ժողովրդի շրջանում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version