Քաղաքականություն
«Քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը»․ Սուրենյանց
Սուրենյանցը Ղազախստանում և Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերի արձագանքների համեմատությամբ պնդում է, որ երկու երկրների հիմնական տարբերությունը քաղաքական և հրամանատարական վերին օղակների պատասխանատվության հարցում է։
Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել էր Կասպից ծով։ Զոհվել էր 14 զինծառայող, երեքին հաջողվել էր փրկել։ Դեպքից հետո սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել էր պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։
Սեպտեմբերի 25-ին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել էր հինգ պաշտոնատար անձանց ձերբակալության մասին։ Հոկտեմբերի 6-ին ծառայողական անփութության կասկածանքով կալանավորվել էր նաև ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։
Սուրենյանցի գնահատմամբ՝ Ղազախստանում տեղի ունեցածը գնահատվել է փոխկապակցված չափանիշներով՝ ներառելով ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական պատասխանատվության բաղադրիչ։
Նա նշում է, որ Հայաստանում այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի՝ հրազենային վնասվածքով դին։ Միայն տարվա առաջին ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է զինծառայողների մահվան 14 դեպք։ Միաժամանակ, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների, տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը դասակարգվել է որպես ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ ծառայության հետ չկապված։
Սուրենյանցը կարծում է, որ վիճակագրական այս տարբերությունը պահանջում է յուրաքանչյուր դեպքի լիարժեք և թափանցիկ քննություն, ինչպես նաև մահվան դեպքերի դասակարգման հստակ և հանրային չափանիշներ։ Նրա խոսքով՝ «ծառայության հետ չկապված» ձևակերպումը չպետք է օգտագործվի մահերի թիվը արհեստականորեն նվազեցնելու և իշխանության պատասխանատվությունը լղոզելու համար։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվում, իսկ առանձին զինվորական պաշտոնյաներ ազատվում են աշխատանքից, սակայն պաշտպանության նախարարն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակում են պաշտոնավարել։ Միևնույն ժամանակ, իրավական պատասխանատվության հիմնական հասցեատերերը, որպես կանոն, միջին և ստորին օղակի զինվորականներն են։
Սուրենյանցը շեշտում է, որ քաղաքական պատասխանատվությունը նույնը չէ, ինչ քրեական պատասխանատվությունը։ Նախարարը պարտադիր չէ, որ անձամբ առնչություն ունեցած լինի կոնկրետ միջադեպին, որպեսզի պատասխանատվություն կրի իր ղեկավարած համակարգի ձախողումների, վերահսկողության արդյունավետության և կրկնվող ողբերգությունները կանխելու կարողության համար։
Նրա խոսքով՝ քանի դեռ իշխանության բարձրագույն մակարդակում ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերանա, իսկ դրանց գինը շարունակելու են վճարել զինծառայողներն ու նրանց ընտանիքները։
Աղբյուր՝ 168.am