Տնտեսություն

Ամուլսարում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210 հազար ունցիա ոսկի՝ 750 մլն դոլարի ներդրմամբ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել շահագործման մեկնարկի, ինչպես նաև առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը։

Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ հանքավայրում նախատեսվում է իրականացնել 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 150 մլն դոլարը տրամադրվել է ՀՀ կառավարության պետական երաշխիքի հիման վրա։ Նրա փոխանցմամբ՝ ծրագրով տարեկան նախատեսվում է արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։

Ըստ Բաբկեն Թունյանի ներկայացրած գնահատականների՝ Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կարող է ունենալ 1.5-2% լրացուցիչ դրական ազդեցություն, իսկ պետական բյուջեն տարեկան ստանալ լրացուցիչ 120-130 մլն դոլարի հարկեր։ Ազդակիր համայնքների տարեկան եկամուտները, նրա խոսքով, կկազմեն 7-9 մլն ԱՄՆ դոլար։

Թունյանը նաև նշել է, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Նրա փոխանցմամբ՝ պետությունը կստանա նաև շահաբաժին, քանի որ կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս։

ԱԺ հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ յոթ տարի առաջ Ամուլսարի ծրագիրը հասարակության շրջանում լայն քննարկումների առարկա էր։ Հանքի մուտքերը ամիսներ շարունակ փակ էին բնապահպան ակտիվիստների կողմից, իսկ ծրագրի ռիսկերի վերաբերյալ հնչում էին մտահոգություններ։ Այդ ընթացքում իրականացվել են փորձաքննություններ, հարուցվել է քրեական գործ, քննարկվել են բաժնետերերի փոփոխություններ։ Թունյանը նշել է, որ այդ ժամանակ ինքն ակտիվորեն մասնակցել է քննարկումներին և քննադատության է արժանացել՝ հանքի շահագործմանը կողմ արտահայտվելու համար։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version