Արտաքին աշխարհ
Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին ու համաշխարհային շուկային կմատակարարի ավելի քան 4,8 մլն տոննա դիզելային վառելիք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը անհապաղ կմատակարարի ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, ևս 500 000 տոննա՝ նոյեմբերին, և 1 000 000 տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կարող է մատակարարել ևս 3 000 000 տոննա՝ հաշվի առնելով դիզելային վառելիքի վերամշակման իր հզորությունները։
Թրամփը կանխատեսել է, որ այդ մատակարարումներից հետո ԱՄՆ-ի շուկայում վառելիքի գները կնվազեն։ Միաժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք ռուսական նավթամթերքի արտահանման համար պատժամիջոցները կվերացվեն, և արդյոք համաձայնագիրը նախատեսում է երաշխիքներ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից խուսափելու վերաբերյալ։
Կրեմլը հաստատել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ի ու համաշխարհային շուկաներին։ Կրեմլի տարածած հայտարարության մեջ, սակայն, պայմանավորվածության մանրամասներ չեն ներկայացվել։
Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թրամփի և Պուտինի հնարավոր պայմանավորվածության մասին տեղեկությունից հետո Մոսկվայի բորսայի ինդեքսը կտրուկ աճել է։
Աղբյուր՝ yerevan.today