Տնտեսություն

«Սովորական պարարտանյութերի օգտագործումը կարելի է կրճատել մինչև 50%»․ ռուսական ընկերությունը ցանկանում է ընդլայնվել Հայաստանում

Ռուսական օրգանական հիմքով պարարտանյութերի արտադրող «Լիգնոգումատ» ընկերությունը մտադիր է ընդլայնել իր մատակարարումները Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ընկերության արտահանման բաժնի ղեկավար Վերա Յակովլևան։

Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներկայացված է շուրջ 10 տարի և այժմ ցանկանում է ավելացնել վաճառքների ծավալները։

«Լիգնոգումատ»-ի պատրաստուկների հիմքում լիգնինն է՝ փայտի մանրաթելերը միմյանց կապող նյութը, որը ստացվում է թաղանթանյութի և թղթի արտադրության ընթացքում։ Այն բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում վերամշակվում է լիգնոհումատի, որի հիմքով էլ ընկերությունը միկրոտարրերով պարարտանյութեր է արտադրում։

Յակովլևայի խոսքով՝ այդ պատրաստուկներն ամբողջությամբ չեն փոխարինում սովորական պարարտանյութերին, սակայն օգնում են բույսերին ավելի արդյունավետ յուրացնել դրանք։ «Դրա հաշվին սովորական պարարտանյութերի օգտագործումը կարելի է կրճատել մինչև 50%, այսինքն՝ կրկնակի»,– ասել է նա։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ բարձր կոնցենտրացիայի պատճառով բանջարեղենի դեպքում մեկ հեկտարի համար բավարար է 100-150 գրամ պատրաստուկ, իսկ մրգերի դեպքում՝ մինչև 1 կգ։ Նրա խոսքով՝ փոքր ծավալները երբեմն անվստահություն են առաջացնում ֆերմերների շրջանում։ Որպես օրինակ նա նշել է Հնդկաստանը, որտեղ նմանատիպ պատրաստուկների կիրառման դեպքում սովորաբար օգտագործվում է մինչև 20 կգ՝ մեկ հեկտարի հաշվով։

Յակովլևայի պնդմամբ՝ ընկերության պարարտանյութերը 100 տոկոսով լուծելի են, ուստի հողում դրանց մնացորդ չի մնում։ Նա նաև ընդգծել է, որ հումքը կենսաբանական ծագում ունի և ստացվում է ծառերի վերամշակման լրացուցիչ արտադրանքից, մինչդեռ նմանատիպ որոշ պատրաստուկներ արտադրվում են տորֆից և լեոնարդիտից։

Ընկերության արտադրանքն արդեն արտահանվում է Թաիլանդ, Հնդկաստան, Կոլումբիա, Եգիպտոս և այլ երկրներ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի պետություններ։ Այն կիրառվում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար։ Ընկերությունը նախատեսում է մասնակցել նաև մի շարք երկրներում անապատների կանաչապատման մրցույթների։

Յակովլևայի խոսքով՝ պատրաստուկները կարող են օգտագործվել նաև մարզադաշտերի խոտածածկի համար։ «Հայաստանի համար նման առաջարկը կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով, որ ձեզ մոտ նոր մարզադաշտեր են կառուցվում ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության համար»,– նշել է նա։

Ընկերության անցկացրած փորձարկումները, այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայի սեփական այգիներում, ըստ Յակովլևայի, ցույց են տվել, որ արտադրանքը կարող է բարելավել նաև պտուղների փոխադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման համար։

Օրեր առաջ ընկերության ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել Հայաստան և հանդիպել գյուղատնտեսների ու պարարտանյութերի խանութների սեփականատերերի հետ։ Նախատեսվում է կապ հաստատել նաև հայկական բուհերի հետ՝ համատեղ հետազոտություններ իրականացնելու համար։ Այցը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ Հայաստանում ՌԴ առևտրային առաքելության աջակցությամբ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version