Քաղաքականություն
«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ, որն, ըստ նրա, ուժի մեջ է մտնում անմիջապես։
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ կողմերը պետք է պահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունը։
Հայտարարությունը հնչել է հակամարտության կարգավորման և Ուկրաինայի քաղաքական ապագայի շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել փոխել Ուկրաինայի ղեկավարությունը՝ կասկածի տակ դնելով Վլադիմիր Զելենսկու՝ նախագահի պաշտոնում հետագա մնալը։
Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիները պետք է ընտրեն երկրի առաջնորդին, իսկ ընտրությունները կարող են անցկացվել հրադադարի պայմաններում։ ABC News-ին տված հարցազրույցում նա ԱՄՆ-ին կոչ էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել 60-օրյա լիակատար հրադադար։ «Եթե դուք իսկապես ցանկանում եք ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, խնդրում եմ, ասեք Պուտինին՝ տվեք մեզ երկու ամիս, 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրությունները»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։
Աղբյուր՝ 168.am