Տնտեսություն

Ռուսաստան արտահանումը 660 մլն-ից դարձել է 2.9 մլրդ դոլար․ Վարդան Արամյան

Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ կեղծ է այն թեզը, թե Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք մի գիշերվա ընթացքում է մտել ԵԱՏՄ։

«Դասեր» հաղորդաշարի եթերում նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի կիրառել իր պատժամիջոցների ամբողջ ներուժը, և այդ հանգամանքը պետք է հաշվի առնել։ Արամյանը շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների չափերը համադրելի չեն՝ ասելով, որ չի կարելի «բոքսի ռինգ մտնել՝ առանց հաշվի առնելու քո ու դիմացինիդ քաշային կարգերը»։

Նրա ներկայացրած տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել է շուրջ 680 միլիոն դոլար, իսկ Ռուսաստան արտահանումը՝ 660 միլիոն դոլար։ Միաժամանակ, 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դեպի ԵՄ արտահանումն աճել է շուրջ 50 տոկոսով։

Արամյանի խոսքով՝ այժմ դեպի Ռուսաստան արտահանման ծավալը, ներառյալ վերաարտահանումը, 660 միլիոն դոլարից հասել է 2.9 միլիարդ դոլարի, մինչդեռ դեպի Եվրամիություն արտահանման ցուցանիշը նվազել է՝ կազմելով շուրջ 666 միլիոն դոլար։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Հայաստանից արտահանումը։ Արամյանի խոսքով՝ մասնավորապես չի դադարեցվել տեքստիլի արտահանումը, որի շուրջ 90 տոկոսը գնում է Ռուսաստան։ Նա նշել է, որ այդ ուղղության փակման դեպքում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» լուրջ խնդիրներ կունենա, ինչը կազդի աշխատատեղերի վրա։

Արամյանը նաև ընդգծել է Հայաստանում մնացած և բնակվող 160 հազար ռուսաստանցիների գործոնը՝ նշելով, որ նրանց համար միգրացիոն սահմանափակումների կիրառումը նույնպես լուրջ խնդիր կարող է առաջացնել։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version