Քաղաքականություն

Հայաստանն այսօր, ավելի քան երբևէ, Ձեր իմաստնության կարիքն ունի․ Բանաստեղծ, հրապարակախոս Անահիտ Քնարյանը՝ Տեր-Պետրոսյանին

«Մեր անկախությունն ու Արցախը մեր ճակատագիրն է…»
«Մենք ենք դառնալու մեր բախտի կռողները՝ առանց աջ ու ձախ նայելու, առանց հայացքներս հյուսիս կամ հարավ ուղղելու: Մենք ենք մեր տերը՝ ահա սա է լինելու նշանաբանը՝ մեր հետագա բոլոր գործողություններում: Կեցցե՛ հայ ժողովուրդը»:

Ահա Ղարաբաղյան շարժման, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և մեր Անկախ Պետականության կայացման ողջ բովանդակությունը, կարելի է ասել  հ  ի  մ  ն  ը, որ գրվեց Հայաստանի Հանրապետության Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և իրագործվեց նրա ղեկավարման տարիներին: 

…Այնինչ, դեռ երեկ, ընդամենը  44 օրվա ընթացքում թշնամուն հանձնվեց Արցախի 75 տոկոսը: Կորցրինք Շուշին,Հադրութը; Այսօր վտանգված են Հայաստանի Անկախությունն ու Պետականությունը, գրեթե անպաշտպան են Հայաստանի պետական սահմանները:

Սիրելի Նախագահ, ինչպե՞ս եք դիմանում: Ձեր ղեկավարությամբ փառահեղ նվաճումների այսպիսի կորուստներին ինչպե՞ս եք դիմանում:  Ես՝ Ձեր ժամանակակիցն ու Հայրենիքի կորսված մասի, այնտեղ թողնված արժեքների կրողս, էլ չեմ դիմանում:  Ձեզ հետ միասին ծանրագույն զրկանքների միջով, տանջալից օր ու տարիների համառ աշխատանքով՝ շյուղ առ շյուղ, քարը քարին դնելով մի ձեռքով պետություն կառուցեցինք, մյուսով հաղթանակներ կերտեցինք, պատմական հողեր ազատագրեցինք։


Բայց ավաղ, կարճ ժամանակ անց ներսի ու դրսի հայտնի ու անհայտ ուժերի կողմից դրվեց մեր նորաստեղծ պետության կազմաքանդման սկիզբը: Ձեզ ներկայացված հրաժարականին հաջորդեց դավադիր «Հոկտեմբերի 27-ը»
…ԵՎ հասուն արտը կերավ մորեխը, և դաշտը պատվեց մոլախոտով:

Մեծարգո Նախագահ, թեև արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ Դուք իշխանության ղեկին չեք, բայց ամեն անգամ Հայաստանին թե Արցախին վտանգ սպառնալիս, կամ ներքին ճգնաժամային պահերին՝ հայ ժողովուրդը հայացքն ուղղում է Ձեզ՝ թաքուն, թե անթաքույց սպասելով Ձեր խոսքին:  Այս անգամ ևս Ձեր կողմից առաջարկվող «Ազգային համաձայնության դաշինքի» մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ոչ միայն լրատվամիջոցներով, այլ նաև միմյանց  փոխանցվող հեռախոսազանգերով, էլեկտրոնային նամակներով, սոցցանցերով և այլն:  Անորոշության լաբիրինթներից մարդիկ դուրս եկան: Ես ևս գոտեպնդվեցի: Այսպես, գրեթե միշտ, ապագային միտված Ձեր իմաստնությանն ունկնդիր՝ Հայաստանի քաղաքացին կրկին լցվում է ինքնավստահությամբ:

Հայաստանը ներկայիս ողբերգական վիճակից անցնցում դուրս բերելու համար Դուք դաշինքի առաջարկով դիմել եք անգամ Հայրենիքն այս հանգրվանին հասցրածներին:  Բայց դա առաջա՞րկ էր, թե՞ նրանց արտացոլանքի հայելին՝ նրանց տեսանելի և անտեսանելի նկրտումների բացահայտմամբ: 

Երկրի ճակատագրով տագնապած՝ Ձեր անանձնական մտահոգությունն է ամեն գնով Մեր պետությունն ու պետականությունը փրկելը:  Նրանց նպատակը՝ Հայաստանը որպես գաղութ, որպես հանքերի ու ոսկու շտեմարան, սերնդեսերունդ փոխանցելով` կողոպտելն է: 

Եվ նրանց վերադարձի սարսափը կրկին և ուղղակիորեն կանգնեցրել է հայ հասարակությանը 
ս տ ր կ ու թ յ ա ն   ու   ի ն քն ա ս պ ա ն ու թ յ ա ն  երկընտրանքի առաջ:

Դիմում եմ  Հայաստանի և Սփյուռքի գրողներին, արվեստագետներին, մտավորականության լայն շերտերին, ստեղծագործական միություններին, բուհերի կոլետիվներին և Հայաստանի ճակատագրով  մտահոգ բոլոր անհատներին.


– Դուրս գանք աշխատասենյակներից, միավորվենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված «Ազգային համաձայնության դաշինքի» շուրջ, սատարենք նրան, ինչպես սատարում էինք 1988-ից ի վեր առաջին շարքերում՝ մեր Անկախության կերտման ճանապարհին: Ինչպես սատարում էին նոր ձևավորվող Հայոց բանակի ստեղծմանը՝ առաջին շարքերում կռվող արվեստագետ ու մտավորական մեր կամավորականները:  Պարզապես դարձյալ ու կրկին վստահենք Նախագահին, ով իր կյանքի լավագույն, ստեղծագործական տասնամյակները նվիրել ու զոհաբերել է Հայաստանի Անկախ Պետականության կերտման պայքարներին: Վստահենք Նախագահին․ նրա ցանկությունն է իր ղեկավարությամբ կայացած պետությունը ազատել պատեհապաշտ ապիկարների կործանարար իշխանությունից (հրաժարվելով իշխանության հասնելու անձնական նկրտումներից):

Հետևաբար՝ օգտվենք պետական մեր մեծ գործչից տրված հերթական այս նոր հնարավորությունից, համախմբվենք նրա կողմից ներկայացված «Ազգային համաձայնության դաշինքի» շուրջ ու ձևավորենք հիրավի Ազգային համաձայնությամբ ու մտածողությամբ Ազգային Պետություն և իշխանություն՝ կազմված բացառապես լավագույն կրթությամբ ու մասնագիտական բարձր հմտությունների տիրապետող չարատավորված մարդկանցից:

Հակառակ դեպքում այս էլ երեք տարի ձգվող «իշխանություն-ընդդիմություն» դիմակների կրկեսը կավարտվի իշխանությունն իրար փոխանցող նախկին և ներկա երեք հայտնի ուժերի միջև, և նոր ձևավորվելիք «Բերմուդյան եռանկյունին»  խորտակող, արագընթաց պտույտներով Հայաստանը կարժանացնի Արցախի ճակատագրին: Հայաստանի բազմաչարչար «հպարտ» քաղաքացին էլ նախկին ս տ ր կ ու թ յ ա ն  ու ներկա  ի ն ք ն ա ս պ ա ն ու թ յ ա ն   միջև մոլորված՝ կբռնի պանդխտության ինքնակորույս ճամփան:

Հետգրություն
Արցախի անկումից հետո ես մի անգամ ևս կարդացի  1997-ին գրված Լևոն Տեր-Պետրոսյանի «ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ․ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ» կանխատեսումը, որը ժամանակին ընդունվեց բնազդային զայրույթով ու քարկոծումով:  Ինչպե՞ս ժամանակին չհասկացանք, որ սոսկ վերլուծություն կամ հոդված չէր այն, որ օրենքին համարժեք իմաստնություն էր՝ Արցախի խնդրի հանգուցալուծման, խաղաղ կարգավորման, խաղաղության վավերացման օրենք, որը պետք էր իրականացնել ժամ առաջ, և մենք այօր կունենայինք բոլորովին այլ Արցախ, այլ Հայաստան:
…Բայց՝ավաղ:

Անահիտ  Քնարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Ամենաընթերցվածները

Exit mobile version