Արտաքին աշխարհ
Մոսկվայի օդանավակայանների սահմանափակումների պատճառով Երևան–Մոսկվա չվերթներ են չեղարկվել

«Զվարթնոց» օդանավակայանում դեպի Մոսկվա և Մոսկվայից իրականացվող չվերթների շրջանում արձանագրվել են ուշացումներ ու չեղարկումներ։ Օդանավակայանի տվյալներով՝ Մոսկվայից Երևան նախատեսված մեկ չվերթ ուշանում է, ևս մեկը՝ չեղարկվել է։ Երևանից Մոսկվա ուղղությամբ նույնպես մեկ չվերթ ուշացել է, իսկ մյուսը՝ չեղարկվել։
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում օդանավերի ընդունման և բացթողնման ժամանակավոր սահմանափակումներ են գործում։ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից՝ Ռոսավիացիայից, հայտնել են, որ դրանք կիրառվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Սահմանափակումների հետևանքով Մոսկվա ուղևորվող ավելի քան 25 ինքնաթիռներ վերաուղղվել են այլ քաղաքների պահուստային օդանավակայաններ։ Շերեմետևո նախատեսված 11 չվերթ ուղղվել է Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Սամարա և Յարոսլավլ։ Վնուկովո թռչող ևս ինը չվերթ փոխել է երթուղին, իսկ Դոմոդեդովո ուղևորվող վեց ինքնաթիռներ միջանկյալ վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։
Աղբյուր՝ 168.am