Հասարակություն
Զինծառայողի մահվանից առաջ ծառայակիցները նրան հնարավոր հոգեբանական ճնշման են ենթարկել

Զինծառայող Արմեն Ղազարյանի մահվան դեպքից առաջ նրա նկատմամբ ծառայակիցների կողմից հնարավոր հոգեբանական ճնշման միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Tribune.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ զինծառայողին պայման են առաջադրել և մոր հասցեին ուղղված ծանր հայհոյանքով սպառնացել, որ եթե նա քնի, սպառնալիքը կիրականացվի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ զինծառայողը դրանից հետո քնել է, իսկ հետագայում ծանր հոգեբանական ապրումների և լարվածության ֆոնին ինքնասպանություն է գործել։
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Ղազարյանի դին՝ ճակատի շրջանում հրազենային վնասվածքով։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր և ընտանիքի միակ որդին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Աղբյուր՝ 168.am