Արտաքին աշխարհ

Հյուսիսափայլը հասել է Դևոն, Հեմփշիր և Քենթ՝ հազվադեպ երևույթ Մեծ Բրիտանիայի հարավում

Հյուսիսափայլը ուրբաթ և շաբաթ օրերին լուսավորել է Մեծ Բրիտանիայի երկինքը։ The Guardian-ի հաղորդմամբ՝ սովորաբար երկրի հարավում հազվադեպ դիտվող երևույթը տեսել են Դևոնի, Հեմփշիրի և Քենթի բնակիչները։

Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության՝ Met Office-ի տվյալներով՝ պարզ եղանակի դեպքում հյուսիսափայլը կարող է տեսանելի մնալ մինչև երեքշաբթի։ Դիտելու ամենամեծ հավանականությունը Շոտլանդիայում է, ինչպես նաև համադրելի երկրամագնիսական լայնություններում գտնվող այլ շրջաններում։

Հյուսիսափայլը՝ ավրորա բորեալիսը, առաջանում է արևային քամու լիցքավորված մասնիկների և Երկրի մթնոլորտի վերին շերտերի գազերի փոխազդեցությունից։ Արեգակն այդ մասնիկների հոսքերն արտանետում է մշտապես, և դրանք շարժվում են ժամում մոտ 1 մլն մղոն՝ մոտավորապես 1,6 մլն կմ/ժ արագությամբ։ Երկրին հասնելուց հետո մասնիկները, մագնիսական դաշտի ազդեցությամբ, ուղղվում են դեպի մագնիսական բևեռներ և մթնոլորտի գազերի հետ բախվելիս առաջացնում են լուսային էֆեկտներ։

Met Office-ում պարզաբանել են, որ կանաչ երանգները պայմանավորված են թթվածնով, որը մեծ բարձրություններում կարող է առաջացնել նաև հազվադեպ կարմիր լուսարձակումներ։ Ազոտը երևույթին հաղորդում է կապույտ և մանուշակագույն երանգներ։

Հյուսիսափայլը սովորաբար առավել լավ տեսանելի է Բևեռային շրջանի մոտ և Շոտլանդիայի հյուսիսում, սակայն ուժեղ երկրամագնիսական ակտիվության դեպքում այն կարող է դիտվել նաև ավելի հարավային շրջաններից։ Մասնագետների գնահատմամբ՝ 2026 թվականը կարող է բարենպաստ լինել հյուսիսափայլը դիտարկելու համար՝ Արեգակի բնական 11-ամյա ցիկլում ակտիվության աճի պատճառով։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version