Արտաքին աշխարհ
BND-ի նախկին ղեկավարը մեղադրվում է շուրջ 2 հազար գաղտնի փաստաթուղթ օտարներին փոխանցելու մեջ

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության՝ BND-ի նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը կասկածվում է պետական դավաճանության և գաղտնի փաստաթղթեր օտար պետություններին փոխանցելու մեջ։ Գերմանական Der Spiegel-ի տվյալներով՝ այդ տեղեկությունների հնարավոր ստացողների թվում կարող էին լինել Ադրբեջանն ու Չինաստանը, գրում է The Guardian-ը։
80-ամյա Հանինգը BND-ը ղեկավարել է 1998-2005 թվականներին և համարվում է Գերմանիայի ժամանակակից անվտանգության համակարգի ճարտարապետներից մեկը։ Երեքշաբթի զինված իրավապահները նրան ձերբակալել են Նորդ-Վալդե քաղաքում գտնվող տանը։ Այժմ նա կալանքի տակ է և սպասում է դատավարությանը։ Իր փաստաբանների միջոցով Հանինգը հերքում է օտար պետություններին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։
Դաշնային դատախազության վարկածով՝ Հանինգը BND-ի ներսում աղբյուր է օգտագործել իր նախկին աշխատակազմի ղեկավարին՝ Մանֆրեդ Դ.-ին։ Քննության համաձայն՝ վերջինս 12 տարվա ընթացքում ծառայությունից դուրս է բերել մոտ 2 հազար փաստաթուղթ, այդ թվում՝ գաղտնի նյութեր։
Ենթադրվում է, որ BND-ից հեռանալուց հետո Հանինգը այդ տեղեկություններն օգտագործել է իր հիմնադրած մասնավոր խորհրդատվական ընկերության հաճախորդների շահերից ելնելով։ Քննությունը ենթադրյալ հանցագործության հնարավոր դրդապատճառ է համարում ֆինանսական շահը։
Գողացված նյութերի թվում, ըստ հաղորդումների, եղել են Գերմանիայի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ կանցլերի համար պատրաստված վերլուծական զեկույցներ։ BND-ի ղեկավարի նախկին տեղակալ Արնդտ Ֆրայտագ ֆոն Լորինգհովենը դրանք անվանել է ծառայության «թագի գոհարներ»։ Reuters-ի փոխանցմամբ՝ նյութերի թվում կարող էին լինել նաև ամերիկյան արտաքին հետախուզության տվյալներ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գործը չի մեկնաբանել։
Հանինգը նախկինում քննադատել էր գերմանական հատուկ ծառայություններին՝ գիշատիչների շրջանում դրանք «բուսակերներ» անվանելով, և կոչ էր արել ընդլայնել հետախուզության լիազորությունները՝ վտանգավոր աշխարհում Գերմանիայի անվտանգությունն ապահովելու համար։
Գործը մտահոգություններ է առաջացրել դաշնակիցների հետ Բեռլինի համագործակցության հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Հատուկ ծառայությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ Կոնստանտին ֆոն Նոցը նախազգուշացրել է գործընկերների վստահության լուրջ կորստի մասին։
Սկանդալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գերմանիայի հատուկ ծառայությունները զգուշացնում են Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքների աճի մասին։ BND-ի գործող ղեկավար Մարտին Յեգերը հայտարարել էր, որ Գերմանիան բախվում է «ստվերային պատերազմի»՝ հիբրիդային հարձակումներով և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Միևնույն ժամանակ, գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանը Հանինգի ենթադրյալ հետախուզական տվյալների անմիջական ստացող չի համարվում։
Դեպքը նաև նոր քննարկում է առաջացրել հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշտոնաթողությունից հետո գործունեության և նախկին կապերի օգտագործման վերաբերյալ։ Հետախուզական համայնքի ներկայացուցիչներն ու խորհրդարանականները քննարկում են այդ պաշտոնյաների համար լոբբիստական գործունեության ցմահ արգելքի հնարավորությունը։
Աղբյուր՝ 168.am