Հասարակություն
«Թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը պնդում է, որ Հայաստանի պատմության թանգարանում ներկայացված նմուշի բացատրագրում Հայաստանը նենգափոխվում է «Արևելյան Անատոլիա» ձևակերպմամբ։
Այվազյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արուսյակ Սիմոնյանի լուսանկարած նմուշին, որի բացատրագրում նշված է․ «Գոտի պատկերազարդ Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ»։ Նույն տեղեկությունը ներկայացված է նաև անգլերենով։
Պատմաբանը նշել է, որ Հայաստանի «Անատոլիայով» կամ «Արևելյան Անատոլիայով» նենգափոխելու վտանգի մասին գրել և նախազգուշացրել է դեռևս 1998 թվականին հրատարակված իր գրքում, ինչպես նաև 2007 թվականին հրապարակված հոդվածում։ Նրա խոսքով՝ «Արևելյան Անատոլիա» եզրի կիրառումը հայկական լեռնաշխարհը Թուրքիայի արևելյան տարածքի հետ նույնացնելու նպատակով ձևավորվել է 1920-ականներից հետո։
Այվազյանը քննադատել է նաև Հայաստանի քաղաքական իշխանություններին և նրանց նշանակած պատմագիտության ղեկավար կազմին՝ պնդելով, որ նրանք չեն պայքարել օտար, հատկապես՝ արևմտյան պատմագիտական կեղծարարությունների դեմ։ «Այդ պատճառով էլ թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է՝ ծլում է և բարգավաճում»,– գրել է նա։
Պատմաբանը հավելել է, որ խնդրին անդրադարձել է իր աշխատություններում՝ ներկայացնելով «Անատոլիա» եզրի կիրառման պատմական և աշխարհագրական հակասությունները։
Աղբյուր՝ yerevan.today