Հասարակություն

«Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի». Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը պնդում է, որ իր պաշտպանյալը ոչ թե խարդախություն է կատարել, այլ Իրանի քաղաքացիների կողմից կորցրել է առնվազն 14,5 միլիոն դոլար։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում՝ հրապարակված տեսանյութին կից։

Փաստաբանի ներկայացմամբ՝ տեսանյութում Գագիկ Ծառուկյանը պատմում է, որ համատեղ բիզնեսի ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է ինքը՝ բանկից վերցրած 7 միլիոն դոլար վարկով և սեփական միջոցներից ներդրած ևս 7,5 միլիոն դոլարով։ Սարգսյանի խոսքով՝ Ծառուկյանը նաև նշել է, որ Արման Օլամային որևէ գումար չի ներդրել, սակայն հիմնադրված ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է նրա անունով։

Երեմ Սարգսյանը հակադրում է այս պնդումները պաշտոնական մեղադրանքին, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը նախապես մտադրված է եղել Իրանի քաղաքացիներից խարդախությամբ 21 միլիոն դոլար հափշտակել։ Փաստաբանը նշում է, որ պաշտպանության կողմի տրամադրության տակ եղած ապացույցներով՝ որպես տուժող ճանաչված քաղաքացիները համատեղ բիզնեսում գումար չեն ներդրել, իսկ ներդրումները կատարել է Ծառուկյանը։

Սարգսյանի ներկայացմամբ՝ տեսանյութի մեկ այլ հատվածում Հաջիալի Օլամային ընդունում է, որ համատեղ բիզնեսի համար Ծառուկյանն ամեն ինչ արել է բարձր մակարդակով, ամբողջ բիզնես գործունեությունը կազմակերպել են իրենք, իսկ Ծառուկյանի գումարներն իրենց մոտ են պահվում։ Փաստաբանը նաև նշել է, որ Օլամայիները ստորագրել են գումարը վերադարձնելու վերաբերյալ փաստաթղթեր և երաշխավորագրեր։

«Ինչպե՞ս կարող են Իրանի քաղաքացիները տուժող լինել և ինչպե՞ս կարող է Գագիկ Ծառուկյանը նրանցից 21 միլիոն դոլար հափշտակած լինել, եթե նրանք ևս այդ խոսակցության ժամանակ ընդունում են, որ Գագիկ Ծառուկյանի 14,5 միլիոն դոլար գումարն է իրենց մոտ ի պահ»,— գրել է Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը եզրակացրել է, որ իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում, իր գնահատմամբ, իրական տուժող Գագիկ Ծառուկյանը ներկայացվել է որպես մեղադրյալ, իսկ Իրանի քաղաքացիները՝ որպես տուժողներ։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version